Առողջապահություն

Հաջողության բանաձևն ըստ հայտնի հոգեբան Նապոլեոն Հիլի

Նապոլեոն Հիլն ամերիկացի հոգեբան է, փիլիսոփա և լրագրող, առաջիններից մեկը, որն իր ողջ կյանքը նվիրեց հաջողության բանաձևի դուրսբերմանը: Ուսումնասիրության տարիների ընթացքում նա կարողացել է հետազոտել հարյուրավոր հայտնի մարդկանց կյանքն ու գործունեությունը:
Հոգեբանն ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է իր «Մտածիր և հարստացիր» գրքում, որը հրատարակվելուց հետո դարձել է տվյալ թեմայով գրքերի շարքում լավագույններից մեկը ողջ աշխարհում: Գրքում նա ներկայացրել է 13 հստակ քայլ, որոնց միջոցով յուրաքանչյուր մարդ կարող է հասնել հաջողության: Այս գիրքը զարմացնում է յուրաքանչյուրին իր կենսական էներգիայով, սովորեցնում է գործել, շարժվել առաջ, լինել երջանիկ և հասնել նպատակներին:
 
Նպատակներին հասնելու և երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ունենալ շատ մեծ ցանկություն: Երազանքները, սակայն, իրականանում են միայն այն ժամանակ, երբ ցանկությունը վերածվում է գործողության: Ցանկանալ նշանակում է ընտրել հստակ նպատակ ու ողջ էներգիան և ուժերը ներդնել դրան հասնելու համար: Չպետք է լինի նահանջի ճանապարհ: Խնդրեք կյանքից շատ բան և կյանքը դա ձեզ կտա:
 
Շատ տարիներ առաջ մեծ զորավարներից մեկը կանգնած էր վճռորոշ ընտրության առաջ: Նա պետք է որոշում ընդուներ, որից կախված էր ելքը: Զորավարի զորքին դիմակայում էր թշնամին, որի բանակը մի քանի անգամ գերազանցում էր սեփականը: Եվ հրամայեց զորավարն իր զինվորներին բարձրանալ նավերը և շարժվել դեպի թշնամի երկրի ափերը:
 
Այնտեղ հասնելով՝ զորավարը հրամայեց այրել նավերը: Կռվից առաջ նա դիմեց իր զինվորներին. «Տեսնու՞մ եք մեր նավերից բարձրացող ծուխը: Դա նշանակում է, որ մենք կամ կհաղթենք, կամ չենք լքի այս ափերը: Ընտրությունը միակն է`   հաղթել կամ զոհվել»: Եվ նրանք հաղթեցին:
 
Հաղթել ցանկացողը պետք է այրի բոլոր կամուրջներն իր հետևում, պետք է փակի նահանջի բոլոր ճանապարհները: Միայն այդպես կարելի է պահպանել հաղթանակին հասնելու այրիչ ցանկությունը, որն այդքան կարևոր է հաջողության համար:
 
Չիկագոյի մեծ հրդեհի հաջորդ առավոտն առևտրականների մի մեծ խումբ կանգնած էր Սթեյթ-սթրիթում`   դեռևս ծխացող մնացորդների առաջ: Նրանք խորհրդակցում էին`   վերականգնե՞լ հրդեհից ոչնչացածը, թե՞ թողնել Չիկագոն և հեռանալ: Բոլորը որոշեցին հեռանալ, բոլորը, բացի մեկից:
 
Առևտրական Մարշալ Ֆիլդն ասաց. «Պարոնա՛յք, այս նույն տեղում ես կկառուցեմ լավագույն խանութը ողջ աշխարհում, ինձ համար միևնույնն է, թե քանի անգամ այն կայրվի»: Խանութը կառուցվեց: Այն՝ որպես հիշատակ մի երևույթի, որն անվանում են հաղթելու ցանկություն, կանգուն է մինչ այսօր:
 
Ոչինչ չպետք է ազդի ձեր երազանքների իրագործման վրա: Եթե այն, ինչը ցանկանում եք, լավ է և գլխավորը դուք հավատում եք դրան, ապա մի՛ կասկածեք, գործե՛ք: Կարևոր չէ, թե ինչ կասեն «նրանք», և եթե ձեզ մոտ հանկարծ անհաջողություններ լինեն, իմացե՛ք, որ ամեն մի անհաջողություն սերմ է հետագա հաջողությունների համար:
 
Թոմաս Էդիսոնը երազում էր էլեկտրական լամպի մասին: Նա անմիջապես սկսեց իր փորձերը և չնահանջեց մինչև երազանքը ձեռք չբերեց իրական ուրվագծեր: «Ես չեմ ունեցել անհաջողություններ, - ասել է Էդիսոնը,- ես ընդամենը գտել եմ տասը հազար տարբերակ, որոնք չեն աշխատել»:
 
Ռայթ եղբայրները երազում էին թռչող սարքի մասին: Այսօր յուրաքանչյուրը կարող է համոզվել՝ իրակա՞ն էր նրանց երազանքը, թե՞ ոչ: Մարկոնին երազում էր օդով ազդանշաններ փոխանցելու մասին: Ի ապացույց նրան, որ Մարկոնիի երազանքները զուր չէին, այսօր գործում են ռադիոն և հեռուստատեսությունը:
 
Հետաքրքիր է, որ Մարկոնիի «ընկերները» ուղարկեցին նրան հոգեբուժարան և հորդորեցին ստուգման ենթարկվել, երբ նա հայտարարեց, որ բացահայտել է օրենքը, որի օգնությամբ ազդանշանները կարող են փոխանցվել օդով առանց լարերի և այլ ֆիզիկական սարքերի:
 
Միշտ հիշեք՝ աշխարհի ամենահաջողակ մարդիկ, որոնք հասել են եզրագծին առաջինը, սկսել են անհաջողությունից: Շրջադարձային պահը նրանց կյանքում սովորաբար համընկել է որոշակի ճգնաժամի հետ, որից նրանք դուրս են եկել որպես լիովին ուրիշ մարդ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: