Առողջապահություն

Ծնողի դաստիարակչական ոճը

Ժամանակակից հոգեբանության մեջ դասակարգում են ծնողական դաստիարակության 3 հիմնական խումբ`   ավտորիտար, հանդուրժողական և ավտորիտատիվ: Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար մեթոդին, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը լրացուցիչ ճոխություն է:
Նման հարաբերություններում ծնողը թելադրողն է, միշտ ճիշտ է, իսկ երեխան միշտ հնազանդվող պետք է լինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության պատճառով տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են դառնում վեճերը:
 
Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Այս մեթոդը կիրառող ծնողները ջերմ են և հուզական, բայց շատ սահմանափակ հսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողն առավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն հոգում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքը և թերահավատությամբ են վերաբերվում նրանց:
 
Երրորդ ոճն ավտորիտատիվն է: Նման մեթոդ կիրառող ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում են երեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները հակված են ծնող-երեխա դրական հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը:
 
Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ: Սիրելի՛ ծնողներ, անկախ այն բանից, թե դուք դաստիարակության որ ոճը կնախընտրեք, աշխատեք, որ երբեք չվնասվեն երեխայի շահերը և զգացմունքները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: