Առողջապահություն

Ինչպե՞ս պայքարել ճարպոտ մազերի դեմ

Երկարատև ցուրտ ձմեռվա պատճառով ստիպված ենք լինում գլխաշոր կամ գլխարկ կրել, որը ոչ միայն ծածկում է գեղեցիկ մազերը, այլև փչացնում սանրվածքը: Մի կողմից ձմռանը գլխարկով ծածկված մազերը բավարար չափով թթվածին չեն ստանում, ավելի ճարպոտ են դառնում, արագ կեղտոտվում, սակայն մյուս կողմից՝ ցուրտ եղանակին գլխաբաց քայլելն է վտանգավոր, որովհետև մազերն սկսում են թափվել: Երկու չարիքներից ընտրենք փոքրագույնը. ճարպոտ մազերի խնդիրն ավելի հեշտ է կարգավորել:
Լվանա՞լ մազերը, թե՞ չլվանալ
 
Մազերը լվանալիս օգտագործվող ջուրը շատ տաք չպետք է լինի: Լավագույն ջերմաստիճանը մոտ 50° С-ն է: Նման ջերմաստիճանի ջուրը մաքրում է և´ մաշկի ճարպը, և´ կեղտը: Ավելի լավ է օգտագործել եռացրած կամ սոդայով փափկացրած ջուր: Լվանալիս օգտակար է 3-5 րոպե գլուխը մատներով մերսելը, որը նպաստում է գլխամաշկի արյան շրջանառության լավացմանը: Ճարպոտ փայլ ունեցող մազերն ավելի լավ է չորացնել բնական եղանակով: 
 
Ճարպոտ մազերը ողողելու համար շատ օգտակար են կաղնու արմատի, մեղվամուշկի ցողունի և ծաղիկների, դաշտային ձիաձետի, դաղձի եփուկները: Կարելի է մազերը ողողել մանանեխի փոշիով (1լ տաք ջրին ավելացնել 1 գդալ փոշի): Այնուհետև պետք է մազերը լավ լվանալ կիտրոնաթթու կամ քացախ ավելացրած ջրով: 
 
Պայքար ավելորդ ճարպի դեմ 
 
Ճարպագեղձերի գերարտադրությունը նվազեցնելու համար օգտակար են թրջոցները, մազերի համար հատուկ դիմակները, թուրմերը, որոնցով շփում են գլխամաշկը: Վարսահարդարիչի օդի հոսանքը պետք է շատ տաք չլինի: Բաց գույնի մազեր ունեցողները պետք է գգույշ լինեն խոտաբույսերի եփուկներով մազերը ողողելուց. խոտաբույսերը ոչ միայն բուժում, այլև ներկում են մազերը:
 
Տնային պարզ թրջոց.
 
Մազերին մածուն քսել, ծածկել պոլիէթիլենային թաղանթով կամ սրբիչով, 15 րոպե անց լվանալ տաք ջրով, շամպունով, ողողել կիտրոնի հյութ ավելացրած ջրով: Մազերի համար օգտակար է նաև սխտորից, մեղրից, հալվեից, կիտրոնից և ձվի սպիտակուցից պատրաստված դիմակը: 
 
Սպիրտային դիմակը կօգնի, որպեսզի մազերն այլևս չճարպոտվեն: Դրա համար անհրաժեշտ է գլխի մաշկը շփել 50 գ օղի, 10 գ 3 տոկոսանոց բորի սպիրտ և1 թեյի գդալ կիտրոնի հյութ պարունակող լուծույթով: Ճարպարտադրությունը կարգավորելուն օգնում են նաև ինչպես գործարանային արտադրության թուրմերը, այնպես էլ «ինքնաշեն» թուրմերը:
 
Օրինակ՝ կարելի է ստուգել հետևյալ բաղադրատոմսի արդյունավետությունը՝ լոշտակի մանրացրած 10-20 գ արմատի վրա ավելացնել 200 մլ եռացրած ջուր, քամել և շփել գլխի մաշկը շաբաթը 2-3 անգամ նվազագույնը մեկ ամիս:
 
Ճարպոտ մազերի խնդիրներից մեկն էլ թեփն է, որը վերացնելու համար կօգնեն հատուկ բուժիչ շամպունները: Դրանք անհրաժեշտ է ձեռք բերել դեղատներից: Գնելիս անպայման պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ տեսակի մազերի համար է նախատեսված: Բուժամիջոցները պետք է օգտագործել միայն մինչև կայուն դրական արդյունքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: