Առողջապահություն

Ի՞նչ է թաքնված մաշկի շերտերում

Ունենալ հարթ, փափուկ, մաքուր մաշկ շատերն են երազում՝ պայքարելով պարբերաբար մեր մաշկի վրա հայտնվող բշտիկերի և կորյակների դեմ, զանազան մեթոդներով փորձելով ազատվել ժամանակի հետքերից՝ մեր տարիքը մատնող բծերից ու կնճիռներից:
Որպեսզի այս ջանքերը զուր չանցնեն, պետք է հասկանանք`   ինչպես են ազդում կոսմետիկ միջոցները, արդյո՞ք դրանք միշտ անվտանգ են, ինչպե՞ս ընտրել մաշկի խնամքի այն մեթոդը, որն ամենաարդյունավետը կլինի:
 
Նշենք, որ մաշկի հիմնական ֆունկցիան օրգանիզմի ներքին միջավայրի սահմանազատումն է արտաքին միջավայրից: Այս պատասխանատու գործն իրականացվում է նրա շերտերի շնորհիվ, որոնք, հաջորդելով մեկը մյուսին, անընդհատ թարմացվում են:
 
Եղջերացող շերտ
 
Մաշկի եղջերացող շերտը կազմված է սպիտակուցային թեփուկներից, որոնք իրար միանում են լիպիդների ճարպանյութով: Վերջինս խոչընդոտ է ջրի և օտարածին նյութերի համար, ինչպիսիք են կոսմետիկ միջոցները:
 
Որոշ կոսմետիկ միջոցներ, այնուամենայնիվ, քայքայում են մաշկի պաշտպանիչ շերտը, որի պատճառով այն ջրազրկվում է, դառնում զգայուն արտաքին ազդակների նկատմամբ:
 
Որքան էլ որ ամուր լինի եղջերացող շերտը, այն ևս մաշվում է, ապա վերակառուցվում՝ պոկված թեփուկներին փոխարինում են նորերը, որոնք ձևավորվում են էպիդերմիսի խորքում:
 
Էպիդերմիս
 
Այս շերտի գլխավոր ֆունկցիան եղջերացող շերտի վերարտադրումն է: Էպիդերմիսի հիմնական բջիջները՝ կերատինոցիտները, հասունանալով շարժվում են դեպի մաշկի մակերես: Էպիդերմիսի ամենաստորին՝ բազալ շերտում են գտնվում անընդմեջ կիսվող բջիջները:
 
Մաշկի գունավորման համար պատասխանատու բջիջները՝ մելանոցիտները, տեղակայված են կերատինոցիտների միջև՝ բազալ թաղանթի վրա: Էպիդերմիսում են գտնվում նաև օտարածին նյութերն ու միկրոօրգանիզմները ճանաչող իմուն բջիջները՝ Լանգերհանսի բջիջները, ինչպես նաև շոշափելիքի զգացողության համար պատասխանատու բջիջները՝ Մերկելի բջիջները:
 
Դերմա
 
Դերման փափուկ հող է էպիդերմիսի համար: Այստեղ են գտնվում մաշկը սնուցող արյունատար և լիմֆատիկ անոթները: Հենց դերմայի արյան շրջանառությամբ է պայմանավորված մաշկի վարդագույն երանգը, եթե դերմայի սնուցումը խանգարվում է, մաշկը դառնում է դեղնավուն նրա տակից թափանցող ճարպային հյուսվածքի հաշվին:
 
Դերմայում են գտնվում սպիտակուցային կառույցները՝ կոլագենային և էլաստինային թելերը, որոնք մաշկին հաղորդում են ամրություն և էլաստիկություն: Կոլագենային թելերը հաստ են, դասավորվում են խմբերով, իսկ էլաստինային թելերը բարակ են, դասավորվում են հատ-հատ՝ ճյուղավորված ցանց կազմելով:
 
Սպիտակուցային թելերի միջև տարածվում է գելանման նյութը՝ հիալուրոնաթթուն, որն օժտված է ջուրը պահող հատկությամբ: Թեև դերման ծածկված է էպիդերմիսով և եղջերացող շերտով, այն ժամանակի ընթացքում ևս վնասվում է: Նրա կառույցների ամբողջականությունից է կախված՝ ինչքանով հարթ կամ թորշոմած կլինի մաշկը:
 
Ճարպային հյուսվածք
 
Շատ աղջիկներ, հետևելով մոդելներին, փորձում են ազատվել «ավելորդ» ճարպերից, իսկ իրականում հենց ճարպային հյուսվածքն է գեղեցկացնում կնոջը: Ճարպն ունի նաև կարևոր ֆունկցիաներ, այն պահպանում է մարմնի ջերմաստիճանը, մեղմում է հարվածները և, ի վերջո, հումք է կանացի հորմոնների ստեղծման համար:
 
Եզրակացություն
 
Այսպիսով, մաշկի կազմության մեջ մտնում են կենդանի կառույցներ՝ էպիդերմիսի, դերմայի և ենթամաշկային ճարպային շերտի բջիջներ, միջբջջային նյութեր՝ կոլագեն, հիալուրոնաթթու, եղջերացող շերտի լիպիդներ, անկենդան կառույցներ՝ եղջերացող շերտի թեփուկներ:
 
Կենդանի բջիջների վրա կոսմետիկ միջոցների ազդեցությունը նկատելու համար ժամանակ է պահանջվում, իսկ եղջերացող շերտի վրա դրանց ազդեցությունը կարելի է տեսնել նույնիսկ րոպեների ընթացքում: Թե ինչպես է մաշկի վրա անդրադառնում այս կամ այն կոսմետիկ միջոցը, պետք է հետևել ինչպես նրա անմիջական, այնպես էլ երկարատև ազդեցությանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: