Առողջապահություն

Որքանով է օգտակար կոկոսը

Կոկոս է կոչվում նույնանուն ծառի պտուղը, որը բավականին տարածված է արևադարձային գոտում: Պտուղն աճում է ծառի վերին հատվածում, ուստի կոկոսի բերքահավաքը լեռնագնացների արշավ է հիշեցնում: Կոկոսն իր անունն ստացել է 16-րդ դարում իսպանական «կոկո» բառից, որը թարգմանաբար նշանակում է դիմագծերի ծամածռանք կամ կապկային մռութ:
Կոկոսի միջուկի մեջ կան բծեր, որոնք պտուղին տալիս են արտաքին աղավաղվածության տեսք, ահա այստեղից էլ առաջացել է կոկոսը «կապկային ընկույզ» անվանելու ավանդույթը:
 
Կոկոսը պարունակում է յուղեր, B խմբի վիտամիններ, վիտամին C, երկաթի, մագնիումի, կալցիումի հանքային աղեր: Մինչ օրս սննդարարության առումով այն միջին դիրք էր գրավում: Սակայն պարզվել է, որ կոկոսի օգտակարության ցուցանիշը թերագնահատված է: 
 
Չնայած կոկոսը հիմնականում օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման համար, սակայն չեն անտեսվում նաև վերջինիս բուժական հատկությունները: Կոկոսն օգտագործվում է գլխամաշկի, ինչպես նաև մաշկային տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: 
 
Պտղի մեջ առկա նյութերը նպաստում են մաշկի ռեգեներացիային, մաքրում են պիգմենտային կետերը, նվազեցնում են մաշկի յուղայնությունը, վերացնում վարակիչ ցանը: Կոկոսը նաև ձգում է մաշկը: Կոկոսի հյութը լավ հագեցնում է ծարավը: Կոկոսի միջուկն ու կաթը հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք վերականգնում են ուժերն ու լավացնում են տեսողությունը:
 
Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում: Նրանում պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի բնականոն աշխատանքին: Այն փոքրացնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: 
 
Դեռ վաղուց հայտնի էր, որ կոկոսի յուղը շատ երկար է պահպանում իր օգտակար հատկությունները: Այդ պատճառով էլ այն մեծացնում է դիմադրողականությունը վարակային ու սնկային հիվանդությունների նկատմամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: