Հանրագիտարան

Անտիոքի Սբ. Մելիտոս հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

Սբ. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ:
Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում:
 
Արդարև, նա կարողանում է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը՝ հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից և բավականանալով միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատելով աստիճանաբար հարթել որոշ անկարգություններ:
 
Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: 
 
Սբ. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին`   նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված, վախճանվել է:  
 
Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր Հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի ապականությունն ու կռապաշտությունը, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը`   որոշում է նվիրվել ճգնավորական կյանքին`   հաստատվելով Փռյուգիայի լեռներում:
 
Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ`   պախարակում է հեթանոսական կուռքերին`   քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով`   գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում`   պատկերված ուղտի վրա:
 
Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Հրաժարվելով զինվորական ծառայությունից`   նա նվիրվում է հոգևոր կյանքին`   Բիթրազան քաղաքի եպիսկոպոս ձեռնադրվելով: Բազմիցս հալածվում է, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել`   մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն:
 
Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին`   նահատակվում է պարսից Շապուհ (331-378թթ.) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակն են ընդունում նաև իր երկու աշակերտները`   Բուրաս քահանան և Շինու սարկավագը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: