Առողջապահություն

Առողջության կարգավորում բուսակերության միջոցով

Թեև բուսակերության կողմնակիցները շատ տարիներ է, ինչ ասում են՝ «Այո, առողջությունը կարելի է կարգավորել բուսակերության միջոցով», սակայն մինչև վերջերս պաշտոնական գիտությունը թերահավատորեն էր վերաբերում նրանց պնդումներին:
Վերջին տարիների ընթացքում, սակայն, գիտնական-բժիշկները հայտնաբերել են, որ անմիջական կապ կա սննդում մսի օգտագործման և այնպիսի վտանգավոր հիվանդությունների միջև, ինչպիսիք են քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները: Ուսումնասիրությունը ստիպել է նրանց փոխել իրենց հայացքները բուսակերության նկատմամբ: 
 
Դեռևս 60-ական թվականներին գիտնականները հայտնել են այն ենթադրությունը, թե սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի զարգացումը պայմանավորված է մսամթերքի օգտագործմամբ: 1961թ.-ի «Բժիշկների ամերիկյան ասոցիացիայի ամսագրում» նշված է՝ «Բուսական սննդին անցնելը 90-97%-ով կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը»:
 
Հետազոտություններն անհերքելիորեն ապացուցել են, որ ալկոհոլից ու ծխելուց հետո սննդի մեջ մսի օգտագործումը մահացության գլխավոր պատճառն է Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և աշխարհի մյուս զարգացած երկրներում: 
 
Մարդկային օրգանիզմն ի վիճակի չէ հաղթահարել կենդանական ճարպերի ավելցուկն ու խոլեստերինը: Աշխարհի 23 երկրում աթերոսկլերոզի հետազոտությամբ զբաղվող գիտնականների հարցումը ցույց է տվել, որ գործնականում նրանք բոլորը համաձայն են այն բանի հետ, որ կախվածություն կա սնվելաձևի, արյան մեջ խոլեստերինի մակարդակի և սրտանոթային հիվանդություների միջև:
 
Եթե օրգանիզմն ավելի շատ խոլեստերին է ստանում, քան անհրաժեշտ է, ապա դրա ավելցուկը ժամանակի ընթացքում շատ հիվանդությունների պատճառ է դառնում: Խոլեստերինը նստում է արյունատար անոթների պատերին`   նվազեցնելով արյան հոսքը դեպի սիրտ, ինչն էլ կարող է դառնալ արյան բարձր ճնշման, սրտի անբավարարության և կաթվածի պատճառ:
 
Մյուս կողմից`   Միլանի համալսարանի և Մեգիոր կլինիկայի գիտնականներն ապացուցել են, որ բուսական ծագման սպիտակուցը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Անգլիական «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակած իր հոդվածում Դ.Կ.Ռ. Սիրտորին տեղեկացնում է, որ արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակություն ունեցող և սրտի հիվանդություններով տառապող մարդիկ «կարող են բարելավել իրենց առողջությունը բուսակերական սննդակարգով, որը միայն բուսական սպիտակուց է պարունակում»:
 
Ինչ վերաբերում է քաղցկեղային հիվանդություններին, ապա վերջին քսան տարվա հետազոտություններն ամենայն որոշակիությամբ մատնացույց են անում սննդի մեջ մսեղեն օգտագործելու և հաստ ու ուղիղ աղիքի, կաթնագեղձերի ու արգանդի քաղցկեղի միջև կախվածության գոյությունը: Այդ օրգանների քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում այն մարդկանց մոտ, որոնք փոքր քանակությամբ են միս օգտագործում կամ բոլորովին չեն օգտագործում:
 
Մի շարք այլ համանման հետազոտություններում հաստատվել է, որ բուսական մթերքներն ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում, քան միսը: Իսկ Բրյուսելի համալսարանի դոկտոր Ջ. Յոտեքյոյի և Վ. Կիպանիի հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերներն ընդունակ են երկու-երեք անգամ ավելի երկար աշխատել, քան մսով սնվողները, բացի դրանից, նրանք երեք անգամ ավելի արագ են վերականգնում իրենց ուժերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: