Առողջապահություն

Խիթեր նորածին երեխաների մոտ

Ժամանակ առ ժամանակ երեխաները գրեթե անընդհատ լաց են լինում: Այդ դեպքում նրանց լացի ամենահավանական պատճառը խիթերն են: Ամենից ավելի հաճախ ցավի հանկարծակի նոպաներն առաջանում են գիշերը`   կերակրումից առաջ և հետո, թեև շատ նորածինների համար այդ խիթերը որոշակի ժամերով պայմանվորված չեն:
Խիթերն ընդհանրապես առաջանում են կյանքի առաջին երեք շաբաթվա ընթացքում և շարունակվում մինչև երեք ամիս, երբեմն էլ ավելի երկար: Դրանք կարող են վերջանալ այնպես հանկարծակի, ինչպես սկսվել էին`   երեխային չպատճառելով ոչ մի վնաս: 
 
Դեռ ոչ ոք չի կարող ճշգրիտ բացատրել, թե ինչ են խիթերը, և որն է նրանց առաջացման պատճառը: Դրանց ծագումը պայմանավորում են ջղաձգումներով պայմանավորված ստամոքսային ցավերով: Կարծում են, թե հենց այդ պատճառով է, որ փոքրիկները խիթերի ժամանակ տոտիկները կծկում են դեպի փորիկը:
 
Որոշ ծնողներ երեխայի լացից հասկանում են, թե նրա որ տեղն է ցավում: Խիթերի դեպքում տխուր և աղիողորմ լացը կարող է մի որոշ ժամանակ ընդհատվել, բայց հետո ամեն ինչ սկսվում է նորից: Դա կարող է շարունակվել օրվա մեջ մի քանի ժամ`   վշտացնելով և ուժասպառ անելով ինչպես Ձեզ, այնպես էլ երեխային: 
 
Խիթերի պատճառները 
 
Կարծում են, որ խիթերն առաջանում են ամենատարբեր պատճառներով: Դուք պետք է դրանք լավ իմանաք, որպեսզի ինչ-որ կերպ թեթևացնեք փոքրիկի տառապանքները: Հավանական է, որ դրանց պատճառը սննդատեսակն է, սակայն խիթեր ունենում են ինչպես կրծքով, այնպես էլ շշից սնվող երեխաները: Կրծքով կերակրվող երեխայի ինքնազգացողությունն զգալիորեն կախված է մոր սննդից:
 
Եթե Դուք կասկածեք, որ Ձեր ընդունած ինչ-որ ուտելիք վատ է ազդում երեխայի վրա, հրաժարվեք դրանից և հետևեք, թե երեխան ինչպես է պահում իրեն: Խիթերի պատճառ կարող են լինել կերակրի շատ կամ քիչ լինելը, տաք կամ սառը կաթը, ոչ լիարժեք կամ շատ կալորիական սնունդը: Երբ Դուք պատրաստում եք մանկական ուտելիքը, մի մոռացեք կարդալ կերակրի պատրաստման հրահանգը և ճշգրտորեն հետևեք դրան:
 
Խիթերը կարող են առաջանալ փորկապության, լուծի, կերակուրը չմարսելու կամ աղիքային սպազմի պատճառով: Ուժեղ լացն անպայմանորեն որևէ հիվանդության նշան չէ, բայց եթե նոպաների հետ նկատվում է, որ մաշկը գունատ է և անառողջ տեսք ունի, պետք է դիմել բժշկի:
 
Որոշակի կապ գոյություն ունի Ձեր գրգռվածության, նյարդային վիճակի և խիթեր առաջանալու միջև: Օրվա վերջում սովորաբար Ձեզ համար տնային աշխատանքի մեծ բեռ է կուտակվում: Հոգնել եք, իսկ Դուք դեռ պետք է երեխային կերակրեք և քնելու պատրաստեք:
 
Ձեր մտահոգությունը տանը լարված վիճակ է ստեղծում, և փոքրիկը դա շատ լավ զգում է`   լացով արձագանքելով Ձեր վատ տրամադրությանը, որով ավելի է ուժեղացնում Ձեր տագնապն ու անհանգստությունը: Ստացվում է մի տեսակ փակ շղթայական ռեակցիա`   երեխան լացը չի դադարեցնում, Դուք նյարդայնանում եք, նա ավելի ուժեղ է լաց լինում, ի վերջո, երկուսդ լրիվ ուժասպառության եք հասնում: 
 
Ի՞նչ անել 
 
Խիթերը չեն բուժվում: Ճիշտ է, որոշ դեղատներում առանց դեղատոմսի վաճառում են խիթերի դեմ միջոցներ, սակայն առանց բժիշկի թույլատրության դրանք Ձեր փոքրիկին մի տվեք: Ինչ-որ բան Դուք ինքներդ կարող եք անել, որպեսզի թեկուզև կարճ ժամանակով փոքրիկին ազատեք տանջալից ցավերից:
 
Փոխեք օրվա ժամանակակարգը`   ընթրիքը պատրաստեք ավելի շուտ, իսկ երեկոյան ավելի շատ ուշադրություն դարձրեք Ձեր փոքրիկին, մանավանդ, եթե նա շատ է լաց լինում: Կարելի է գրկել երեխային, սեղմել կրծքին`   տաքացնելով փորիկը: Տանը ստեղծեք հանգիստ, հաճելի մթնոլորտ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: