Հանրագիտարան

Ղուկիանոս Հարյուրապետի, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրեր Մարթայի և Մարիամի տոն

Սբ. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև նշված չէ Նոր Կտակարանում, բայց ըստ սրբազան ավանդության`   նա այն հարյուրապետն էր, որը ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին:
Ղուկիանոսը հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել`   հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես լինելով Հիսուսի հրաշափառ հարությանը`   հրաժարվում է սուտ վկայություն տալուց, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Սբ. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի վճռով:
 
Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Սբ. Մարիամի ամուսինը: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում: Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել:
 
Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում, որ չարձակի Մարիամին, քանզի նրանում ապրողը սուրբ Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է նաև, որ իր որդու անունը Հիսուս դնի, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից:
 
Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը`   նա ավելի ուշադիր է դառնում նշանածի նկատմամբ`   պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ ծնվում է մանուկ Հիսուսը, թլփատում է նրան և քառասուն օրականում տաճարին ընծայում:
 
Երբ Հիսուսին վտանգ էր սպառնում, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս է փախցնում`   որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ: Սբ. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած աներեր հավատով: Սբ. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր:
 
Նա հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մարդ էր՝ Աստծո արքայությանն սպասող: Իմանալով, որ Հիսուսն արդեն մահացել է խաչի վրա, համարձակվում է մոտենալ Պիղատոսին`   թույլտվություն խնդրելով Տիրոջ մարմինը թաղելու համար: Նրա գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ, որը պատկանում Երուսաղեմի հայոց պատրիարքությանը:
 
Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուսն առանձնահատուկ է սիրել այս ընտանիքին և Երուսաղեմ այցելելիս հաճախ է հյուրընկալվել նրանց տանը: Մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն է տվել`   ուրախացնելով նրա քույրերին:
 
Ավագ քույրը`   Մարթան, գործունյա և աշխատասեր էր, իսկ Մարիամն Աստծո խոսքին ունկնդիր և բարեպաշտ հավատացյալ էր: Եղբոր հարությունից հետո Մարիամը թանկարժեք յուղով օծել է Քրիստոսի մարմինը: Ըստ ավանդության`   նրանք մեկնել են Կիպրոս, որտեղ հետագայում կնքել են իրենց մահկանացուն:
 
Աղբյուրը`   Qahana.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: