Առողջապահություն

Եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա

Սնկերը՝ դերմատոֆիտները, սնվում են կերատինով, որից բաղկացած են մաշկը և մազերը: Սնկերը լուծում են կերատինը ֆերմենտների օգնությամբ, ինչի հաշվին դրանք կարող են շատ երկար ապրել մաշկի տակ, հատկապես`   եղունգների մեջ:
Վարակի հիմնական աղբյուրներից են հասարակական օգտագործման վայրերը՝ շոգեբաղնիքները, բաղնիքները, սպորտ սրահները, լոգախցիկները, բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ հանում են իրենց կոշիկները և կարող են պատահաբար կանգնել սնկային անտեսանելի թեփիկների վրա: 
 
Բոլոր վարակների շուրջ 1/3 մասը, սակայն, ձեռք է բերվում ոչ թե հասարակական օգտագործման վայրերում, այլ սեփական ընտանիքում: Այդ իսկ պատճառով, եթե ընտանիքում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա, ապա հիգիենայի կանոններին չհետևելու և հիգիենայի անհատական օգտագործման պարագաների բացակայության դեպքում, ընտանիքի մյուս անդամները նույպես կարող են վարակվել:
 
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ, այդ թվում և վարակակիրը, պետք է ունենա եղունգների խնամքի անհատական պարագաներ, անձնական օգտագործման հողաթափեր և սրբիչ: Ցանկալի է կիրառել հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթման բժշկական սարքեր կոշիկի խնամքի համար, որը կործանարար ազդեցություն է ունենում սնկային վարակի վրա:  
 
Եղունգների սնկային վարակներն արտաքին բուժման չեն ենթարկվում: Գոյություն չունեն այնպիսի քսուքներ և նրբաքսուքներ, որոնք ամբողջապես կհեռացնեն ոտքի մատների եղունգների սնկային վարակը: Պարզելու համար, թե եղունգները սնկի ինչ տեսակով են վարակված, ինչպիսին է դրա զգայունակությունը դեղորայքի հանդեպ, անհրաժեշտ է դիմել մաշկաբանի, որը համապատասխան բուժում կնշանակի: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: