Առողջապահություն

Համբուրգեր + գազավորված հյութ = հիվանդություններ

Տարիներ առաջ հայտնվելով նախկին ԽՍՀՄ երկրներում`   այսպես ասած «արագ» սնունդը (fast-food) կարողացավ գրավել ոչ միայն երեխաներին ու երիտասարդներին, այլև ուտելը կուռք դարձրած շատ մեծահասակների։ Այդ ժամանակներից ի վեր «արագ» սննդի օգտակարության և վնասակարության մասին հնչում են բազմաթիվ իրարամերժ կարծիքներ։
Ո՞ր սնունդն է համարվում «արագ»
 
Խոսելով վտանգների մասին`   հիմնականում նկատի են ունենում փողոցներում, զանազան կասկածելի կրպակներում ու խորտկարաններում վաճառվող կարկանդակները, շաուրման,  զանազան բուտերբրոդները, տապակած կարտոֆիլը, չիփսերը, գազավորված հյութերը և ընդհանրապես այն ամենը, ինչ մարդիկ սովորաբար սովոր են ուտել վազքի ընթացքում։
 
Ճի՞շտ է, որ արագ սննդի կետերում ուտելիքը պատրաստում են ինչ-որ վնասակար յուղով
 
Դա հիմնականում այդպես է։ Այնտեղ սննդի շատ տեսակների բաղադրության մեջ առկա է կենդանական ճարպերից պատրաստված մարգարին, որի մեջ պարունակվող ճարպաթթուների տրանս-իզոմերների մակարդակը բարձր է։ Մարդու կերակրացանկում դրանց ավելացումը կարող է կրկնակի մեծացնել սրտային հիվանդությունների զարգացման վտանգը։
 
Արդյո՞ք «արագ» սնունդը հանգեցնում է ստամոքսային հիվանդությունների
 
Աղեստամոքսային զանազան հիվանդությունների, անգամ`   քաղցկեղի առաջացման հավանական պատճառներից մեկը «արագ» սնունդը կլանելու չափազանց մեծ արագությունն է, որի պատճառով ստամոքսում կուտակվում են կերակրի խոշոր դժվարամարս պատառներ։ Սակայն խնդիրը միայն արագ ուտելը չէ։
 
Գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային հիվանդություններ ստանալու վտանգն ավելի է մեծանում հաճախորդներով լեցուն խորտկարաններում, աղմուկի և բարձր երաժշտության ներքո ուտելիս։ Նույնը վերաբերում է նաև ուտելու ընթացքում ականջակալներով բարձր երաժշտություն լսող երեխաներին ու դեռահասներին, որոնց օրգանիզմն ավելի զգայուն է արձագանքում նման վնասակար ազդակներին։
 
«Արագ» սնունդը վտանգավոր է հատկապես երեխաների համար
 
Այո, վտանգավոր է։ Չէ՞ որ համբուրգերի և գազավորված հյութերի ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են։ Բժիշկները դրանում համոզված են, քանի որ աճող սերնդի օրգանիզմն այդ ժամանակ գտնվում է զարգացման փուլում։ Թե ինչպիսին այն կլինի, մեծապես կախված է նաև նրանց առջև դրված ափսեի պարունակությունից։
 
«Արագ» վիճակագրություն
 
Հեռավոր 1970-ականներին ամերիկացիներն «արագ» սննդի վրա ծախսում էին տարեկան 6 միլիարդ դոլար, 2001 թվականին՝ 110 մլրդ։ Դա ավելին է, քան բարձրագույն կրթության, համակարգիչների և ավտոմեքենաների վրա ծախսվող գումարը, ավելին, քան գրքերին, տեսաերիզներին, ձայներիզներին, ամսագրերին ու թերթերին հատկացվող գումարը միասին վերցված։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: