Առողջապահություն

Բուսակերությու՞ն, թե՞ մսակերություն

Բուսակերների ու մսակերների առողջության վիճակների բազմաթիվ համեմատական հետազոտությունները պարզորոշ կերպով վկայում են բուսակերական սննդի բազմապիսի առավելությունների մասին:
Այսպես, ԳՖՀ-ի առողջապահության հարցերով «Տեղեկություններ-փորձաքննություն» Ֆեդերալ գերատեսչությունը, զանազան հետազոտությունների հղումներ անելով, հաստատում է, որ այդ հետազոտությունները «պարզորոշ կերպով ցույց տվեցին, որ բուսակերների մեջ ռիսկի գործոնները շատ ավելի հազվադեպ են հանդիպում, քան սննդում մսամթերք գործածող մարդկանց շրջանում»:
 
Նրանց ճնշումն ավելի ցածր է, քաշն ավելի պակաս, և արյան մեջ ճարպերի պարունակության ցուցանիշներն ավելի լավ են: Բուսակերների շրջանում ավելի հազվադեպ են նյութափոխանակության խանգարումները, սրտանոթային հիվանդությունները, շաքարախտն ու հոդատապը և, ամենայն հավանականությամբ, աղիների քաղցկեղը:
 
Այս և նմանատիպ այլ հետազոտությունների ու պատմական փաստերի արդյունքների հրապարակման հետևանքը եղավ Արևմուտքում մսակերության նկատմամբ այն վերաբերմունքի տարածումը, ըստ որի`   վերջինս ճաշակելը երբեմն հաճելի, բայց ընդհանուր առմամբ վնասակար զբաղմունք է:
 
Սակայն հարկ է նշել, որ օրգանական այն ամինաթթուների բացակայությունը, որոնք մենք ստանում ենք տավարի և խոզի մսից, գրեթե հնարավոր չէ փոխհատուցել: Դրանցով ոչ միայն մեր առողջությունն է պայմանավորված, այլև գեղեցկությունը:
 
Մսի մեջ կա ամինաթթուների մի ամբողջ շարք, որոնք օրգանիզմ են մտնում միայն սննդի հետ: Բժիշկների դիտարկումներով բիֆշտեքսների երկրպագուները հազվադեպ են խնդիրներ ունենում ոսկորների և կենտրոնական նյարդային համակարգի հետ. կարմիր մսի մեջ կա վիտամին D-ի մեծ չափաբաժին և B խմբի բոլոր վիտամինները:
 
Բացի դրանից, տավարի, խոզի և ոչխարի միսը հարուստ է ֆոսֆորով, կալիումով, ցինկով, յոդով և երկաթով: Իհարկե, երկաթ շատ ավելի մեծ քանակությամբ կա բանջարեղենում և մրգերում, բայց բուսական սննդի մեջ այն վատ է յուրացվում, այդ պատճառով էլ յուրաքանչյուր երկրորդ բուսակեր զգում է երկաթի պակաս, ինչը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել`   սկսած մազաթափությունից մինչև արյան մեջ հեմոգլոբինի քանակի իջեցում:
 
Միսը հարուստ է ոչ միայն վիտամիններով, հանքային նյութերով և սպիտակուցով, այլև նրա մեջ կան հատուկ նյութեր, որոնք օրգանիզմին շատ անհրաժեշտ են: Դրանք ավելացնում են մարսողական հյութերի արտադրությունը, հեշտացնում մարսողությունը և աղեստամոքսային համակարգի աշխատանքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: