Առողջապահություն

Ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխա

Նման երեխայի նկատմամբ ձեր վերաբերմունքը պետք է լինի բնական։ Արատով տառապող յուրաքանչյուր երեխա կարիք ունի բուժման, բայց ավելի շատ շրջապատի բնական վերաբերմունքի, ինչպիսին էլ որ լինի արատը՝ մտավոր պակասություն, շլություն, էպիլեպսիա, խլություն, կարճ հասակ, այլանդակող խալ կամ մարմնի որևէ մասի ձևախախտում։
Իրականում երեխայի հոգեկան վիճակը կախված է իր ֆիզիկական արատի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այլ ոչ թե բուն ֆիզիկական արատից։
 
Ծնվելիս տղայի ձախ ձեռքին եղել է միայն երկու մատ։ Մինչև 1 տարեկան հասակը նա միանգամայն երջանիկ էր և ձախ ձեռքին տիրապետում էր գրեթե այնպես, ինչպես աջին։ Նրա վեցամյա քույրը շատ էր սիրում եղբորն ու հպարտանում նրանով, ուր էլ գնար, ցանկանում էր նրան իր հետ տանել։
 
Քրոջը բոլորովին չէր անհանգստացնում նրա ձեռքի արատը։ Սակայն մայրը շատ էր հուզվում, որ երեխայի մատները լրիվ չեն։ Նա ցնցվում էր ու վշտից դեմքը ծամածռում, երբ որևէ մեկը նկատում էր տղայի ձեռքն ու ուշադրությամբ նայում։
 
Մոր կարծիքով ավելի լավ է երեխային չենթարկել կողմնակի մարդկանց ուշադրությանն ու դիտողություններին, ուստի բազմաթիվ առիթներ էր գտնում, որ նրան հեռու պահեր մարդկանցից։ Ո՞ւմ վերաբերմունքն էր ավելի ճիշտ՝ մոր, թե՞ քրոջ։ Նախ պետք է պատասխանել մեկ այլ հարցի՝ արդյո՞ք երեխան ամաչում էր իր ֆիզիկական պակասությունից`   ընդհանուր առմամբ՝ ոչ։
 
Անշուշտ, մենք բոլորս էլ փոքր-ինչ ամաչում ենք մեր այն դիմագծերից, որ համարում ենք թերություն։ Ֆիզիկական պակասություն ունեցող մարդիկ նույնպես տառապում են դրանց պատճառով։ Բայց հաշմանդամներին ծանոթ մարդկանց հայտնի է, որ սարսափելի խեղություն ունեցողներից շատերը նույնքան մարդամոտ են, ուրախ ու բարեհոգի, որքան նրանց միանգամայն առողջ ընկերները։
 
Դուք, թերևս, ճանաչում եք այնպիսի մեկին, որ շատ է ամաչում ու տառապում իր ցցված ականջներից, թեև իրականում դրանք այնքան էլ աչքի չեն ընկնում։ Այլ խոսքով ֆիզիկական ծանր պակասությունը դեռևս մարդուն չի դարձնում ամաչկոտ ու դժբախտ։
 
Հիմնական պայմանները, որոնց շնորհիվ երեխան (արատավոր կամ առանց արատի) երջանիկ ու մարդամոտ է, նախ և առաջ ընտանիքն է, երբ ծնողները մեծ բավականություն են ստանում իրենց երեխայից ու սիրում նրան ինչպես որ կա, երեխային չեն ձանձրացնում իրենց անհանգստությամբ, չեն ցուցաբերում ավելորդ ներողամտություն ու հոգատարություն, ամբողջ օրը չեն քննադատում նրան։
 
Երկրորդ պայմանը վաղ հասակից ուրիշ երեխաների հետ շփվելու հնարավորությունն է, երբ երեխան սովորում է սիրել այլ մարդկանց։ Իսկ եթե ծնողներն ամաչում են իրենց երեխայի արտաքինից, հոգու խորքում ցանկանում են, որ նա այդպիսին չլիներ, ավելորդ հոգատարություն են ցուցաբերում և թույլ չեն տալիս շփվել ուրիշ երեխաների հետ:
 
Նման պարագայում երեխան մեծանում է ինքնամփոփ ու ինքն իրենից դժգոհ և զգում, որ նման չէ մյուսներին, բայց եթե ծնողներն առանձին նշանակություն չտան նրա այլանդակ խալին կամ տձև ականջներին, եթե նրան վերաբերվեն ինչպես ամենասովորական երեխային, թույլ տան գնալ այնտեղ, ուր լինում են բոլոր երեխաները, ուշադրություն չդարձնեն հայացքներին ու ակնարկներին, այդ ժամանակ երեխան Էլ իրեն կհամարի ուրիշների նման և չի հուզվի։
 
Ինչ վերաբերում է սևեռուն հայացքներին ու դիտողություններին, ապա նկատելի ֆիզիկական պակասություն ունեցող երեխան պետք է վարժվի դրանց։ Եթե մեծ մասամբ երեխային թաքցնում են ու հազվադեպ են դուրս բերում տանից, ապա նա ավելի շատ կհուզվի, եթե շաբաթը մեկ նկատի այդ սևեռուն հայացքը, քանզի չի ընտելացել դրան։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: