Հանրագիտարան

Սբ. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր

Սբ. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ էր: Զինվորագրվելով հռոմեական բանակին`   իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին`   բացահայտելով իր քրիստոնյա լինելը:
Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին`   ենթարկելով անլուր չարչարանքների: Սբ. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, նրանց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար:
 
Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի`   կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի:
 
Կայսեր բազում թախանձանքներից հետո Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը`   ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Սբ. Գևորգին:
 
Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին հայկական Մելիտենեում Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան`   Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր՝ նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից ու վտարվում Մելիտենե:
 
Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին`   գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը`   Պելոպիան, թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը`   Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
 
Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է: Սբ. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան`   հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: