Առողջապահություն

Թափահարված երեխայի համախտանիշ

Ի՞նչ է թափահարված երեխայի համախտանիշը

Թափահարված երեխայի համախտանիշ են կոչում այն վնասվածքների հետևանքները, որոնք առաջանում են երեխային ուժեղ թափահարելու(ճոճել, օրորել) կամ կոպտորեն հրելու հետևանքով:

Երեխային թեթևակի օրորելը, օդում թռցնելը, ծնկների վրա ճոճելը, ուսերին նստեցրած վազելը կամ նրա հետ շարժուն խաղեր խաղալն այդպիսի վնասվածքներ չեն առաջացնում: Սակայն  զայրացած վիճակում երեխային օրորելու հրման ուժը սովորաբար շատ ավելի մեծ է, քան կարծում է օրորողը, և դա կարող է բերել թափահարված երեխայի համախտանիշի զարգացման:

Թափահարված երեխայի համախտանիշը հիմնականում վերաբերում է մինչև 2 տարեկան երեխաներին, թեև կարող է հանդիպել մինչև 5 տարեկանը ներառյալ:

Ինչպե՞ս է առաջանում թափահարված երեխայի համախտանիշը

Վաղ տարիքի երեխայի գլուխը մեծ է և ծանր, պարանոցի մկանները թույլ են զարգացած, և երեխային ցնցելիս գլուխն ուժեղ տատանվում է: Այս տարիքի երեխայի գլխուղեղը շարժուն է և գլխի կտրուկ տատանման ժամանակ  հետ-առաջ է շարժվում.առաջանում է ուղեղից դուրս եկող երակների պատռվածք, զարգանում են ներգանգային արնազեղումներ: Կուտակվելով արյունը ճնշում է գլխուղեղը:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թափահարված երեխայի համախտանիշը

Գլխուղեղի կամ ակնագնդի վնասվածքները կարող են հանգեցնել հետևյալ ծանր անվերականգնելի հետևանքների`  

- տեսողության վատացում կամ կուրություն,
- մտավոր զարգացման դանդաղում,
- կրկնվող ցնցումներ,
- կաթված կամ շարժողական այլ ծանր խանգարումներ,
- մահ:

Հիշե՛ք, նման բարդություններ կարող են առաջանալ նույնիսկ մի քանի րոպե երեխային ցնցելու (թափահարելու/ուժեղ օրորելու) դեպքում:

Ինչպե՞ս վարվել վտանգի նշանների առկայության դեպքում

Վնասվածքը ենթակա է բուժման: ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը նվազեցնում է բարդությունների և մահացության հավանականությունը:
Եթե գիտեք կամ կասկածում եք, որ Ձեր երեխան ենթարկվել է ուժեղ ճոճման կամ թափահարվել է, անհապաղ դիմեք բժշկի կամ շտապօգնություն կանչեք:

Ամեն անգամ, երբ չեք կարողանում հանգստացնել Ձեր երեխային, մի շտապեք օրորել նրան ավելի ու ավելի ուժեղ:
Հիշե՛ք, Ձեր համբերատարությունը երեխայի առողջության գլխավոր նախապայմաններից է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: