Առողջապահություն

“Սուրբ կամ չիկագյան յոթնյակ”

Կլինիկական հոգեբանության մեջ դասական հոգեսոմատիկ հիվանդությունները հայտնի են “սուրբ յոթնյակ” կամ “չիկագյան յոթնյակ” անվանումներով /F54/: Դրանք են`   էսենցիալ հիպերտոնիան, տասներկումատնյա աղիքի խոցը,խոցային կոլիտը,բրոնխիալ ասթման,շաքարախտը, նեյրոդերմիտը,ռևմատոիդ արտրիտը:

1.Շնչառական համակարգի խանգարումներ

Շնչառությունը ոչ միայն ֆիզիոլոգիական վիճակ է,այլև ես-ի վիճակ:Շնչառությունը շատ զգայուն է հույզերի հանդեպ և արտահայտում է տվյալ պահին մարդու հոգեվիճակը:Բացի այդ,շնչառության շնորհիվ հավասարակշռություն է հաստատվում անհատի և միջավայրի միջև:Շնչառական  ֆունկցիան յուրահատուկ է նրանով,որ այն սկսում է գործել ծնվելուց հետո միայն:Մնացած ֆունկցիաները ձևավորվում են ներարգանդային շրջանում:Այսպիսով,առանձնանալով մոր օրգանիզմից ՝ անհատն առաջին հերթին շնչում է,որն արտահայտվում է լացի ձևով:

Դա, ըստ էության, ինքնուրույն կյանքի առաջին դրսևորումն է:Շնչառական համակարգի հոգեսոմատիկ խանգարումներից է բրոնխիալ ասթման: Ասթման ձգտումն է դեպի մայրը,որն արտահայտվում է շնչառության պաթոլոգիկ փոփոխություններով:

Դրանք առաջին հերթին վկայում են տագնապի մասին,անգիտակցական մակարդակում`   վախ սիրո կորստի կամ կաստրացիայի վախ,իսկ գիտակցական մակարդակում այն տրանսֆորմացվում է շնչահեղձ լինելու վախի: Ասթմատիկ նոպաներն օգնության կանչ են `   ուղղված մորը,քանի որ մայրը մարդու կյանքի առաջին օրերի ամենազորության սիմվոլն է: Ասթման և ալերգիան պայմանավորող հիմնական գործոնն անգիտակցական կոնֆլիկտն է՝ անհատի և արտաքին աշխարհի միջև:

Այլ կերպ ասած՝ կոնֆլիկտի հիմքում ընկած է մորից կախվածությունը: Արդյունքում նոպան հակազդումն է,որն առաջանում է մորից բաժանվելու արդյունքում: Ասթմատիկ նոպան անգիտակցական մակարդակում արտահայտում է ճնշված լաց: Այս տեսակետն ամրապնդվում է նրանով ,որ հիվանդները հաճախ նշում են,որ դժվար են լաց լինում:

Բացի այդ, նոպան ավարտվում է,երբ անձն իր հույզերը կարողանում է արտահայտել լացի միջոցով: Նաև վիճակը լավանում է,երբ անձը խոստովանում է մի բան,ինչի համար մեղքի զգացում ունի:Խոսքը նույնպես,ինչպես և լացը,կապված է շնչառության հետ:Հետևապես խոսքի միջոցով մեծահասակը հասնում է նույն արդյունքին, ինչին նորածինը`   լացով:

2.Սրտանոթային համակարգի խանգարումներ

Այս խանգարումներին նպաստող առանձնահատուկ հուզական գործոններն են քրոնիկական տագնապը և անընդհատ ճնշվող ագրեսիվ  ազդակները: Ագրեսիան մեծացնում է տագնապը,իսկ տագնապն իր հերթին ուժեղացնում է ագրեսիան`  ստեղծելով նյարդային, արատավոր փակ շղթա:

Հոգեսոմատիկ բաղադրիչները բնորոշ են էսենցիալ հիպերտոնիային, սրտի իշեմիկ հիվանդությանը,սրտի ռիթմի խանգարումներին,սրտանևրոզին: Էսենցիալ հիպերտոնիան զարկերակային ճնշման քրոնիկական բարձրացումն է առանց օրգանական շեղումների:

Հիպերտոնիայով անձի ամենաբնորոշ առանձնահատկությունն ագրեսիվ իմպուլսներն  արտահայտելու անկարողությունն է:Առկա ներանձնային կոնֆլիկտը վերաբերում է ագրեսիվ հակումներին և կախվածության մեջ լինելու ցանկությանը:

Հիպերտոնիան պայմանավորված է մի կողմից մարդու ՝ թշնամանքը բացահայտ արտահայտելու ցանկությամբ, մյուս կողմից հանդես է գալիս պասիվ և հարմարվողական  վարք ցուցաբերելու պահանջմունքով:Այս ամենն առաջացնում է տագնապ,ինչի հետևանքով ագրեսիան և բացասական հույզերը ճնշվում են:Դա էլ հանգեցնում է  զարկերակային ճնշման բարձրացմանը:

Սրտանոթային համակարգի խանգարումների ընդհանուր հոգեդինամիկ նկարագիրը հետևյալն է.ագրեսիա,մրցակցային հակումներ,անհաջողություն,վախ,կախվածության մեջ գտնվելու ցանկության ուժգնացում, թերարժեքության զգացում, ագրեսիա, մրցակցային հակումների վերակտիվացում, տագնապ և թշնամական իմպուլսների ճնշում,զարկերակային հիպերտոնիա:

3.Մաշկային հիվանդություններ

Մաշկը մի շարք բնութագրիչ կողմեր ունի.

1. Այն հույզերի արտահայտման ամենազգայուն օրգաններից է,

2. Այն պաշտպանական ֆունկցիա է կատարում: Լինելով մարմնի արտաքին թաղանթը`   մաշկը վերլուծում է արտաքին գրգիռները և անհրաժեշտության դեպքում չեզոքացնում դրանք:

3. Մաշկը կարևոր էրոգեն գոտի է:

4. Որպես օրգանիզմի արտաքին թաղանթ,դրա տեսանելի մաս`   մաշկն արտահայտում է էքսգիբիցիոնիզմի կոնֆլիկտը:

5. Մաշկային ռեակցիան կապված է տագնապի հետ:

6. Ցավի զգացումը նույնպես կապված է մաշկի հետ, հետևաբար մազոխիստական հակումները սիմվոլիկ ձևով ևս կապվում են սրա հետ:

 Մաշկի դասական հոգեսոմատիկ խանգարումներն են`   նեյրոդերմիտը,էկզեման,փսիորիազը,քորը,ցանը, առաջանում են վերոհիշյալ առանձնահատկությունների  գեր/թերֆունկցիաների հետևանքով:Մաշկային հիվանդությունների հիմքում,որպես կանոն,ընկած է մանկական տրավման՝ մոր հետ փոխհարաբերությունների խանգարման արդյունքում:

Հիվանդների մայրերը կամ ենթագիտակցական թշնամանքով են վերաբերվել իրենց, կամ վատ են խնամել`  խուսափելով մաշկային հպումներից:Արդյունքում երեխայի հոգեկանում առաջանում է ներհոգեկան կոնֆլիկտ՝ ագրեսիվ իմպուլսների և մորից կախվածության մեջ մնալու ցանկության միջև,որն արտահայտվում է մաշկի միջոցով, և որը հոգեվերլուծության մեջ կոչվում է վերնամաշկի լիբիդոզային բեռնավորում:

Մաշկային խանգարումները կապված են նաև միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների հետ,երբ անձն  ուժեղ զգացմունքներ ու սպասումներ է դրսևորում, ձգտում է մտերմիկ հարաբերությունների,սակայն այդ ամենը չի իրականացվում կամ անձի ամբիվալենտության, կամ շրջապատի մերժման հետևանքով:

Այս կոնֆլիկտում անձը ձգտում է ցուցադրել իր մարմնական կողմը,հետևաբար նաև արտահայտել իր էքսգիբիցիոնիստական հակումները:Դրանց միանում են սադոմազոխիստական հակումները, և որպես արդյունք առաջանում է մեղքի զգացում:Ստացվում է, որ մաշկն, օգտագործվելով որպես էքսգիբիցիոնիզմի միջոց,դառնում է հիվանդության օբյեկտ:

4.Էնդոկրին համակարգի խանգարումներ
 
Այս համակարգը պատասխանատու է հորմոնների արտադրության համար և հոգեբանական տեսանկյունից որոշում է անձի ընդհանուր բավարարվածությունը: Էնդոկրին համակարգի հոգեսոմատիկ խանգարումներն են շաքարախտն և թիրեոտոքսիկոզը: Առաջինի խանգարման դեպքում առկա է հիմնային կոնֆլիկտ՝ կապված սնունդ ընդունելու հետ,որն արտահայտվում է ագրեսիվ օրալ  հակումների միջոցով:

Շաքարախտ ունեցողները հակված են հետընթացի՝  դեպի ինֆանտիլ կախվածությունը,սակայն դրա հետ մեկտեղ նրանք պասիվ են ու ադեկվատ չեն իրենց հակազդումներում,ինչի հետևանքով քրոնիկական անբավարարվածության վիճակում են գտնվում: Սա հանգեցնում է նրան, որ անձն իր ողջ կյանքը կազմակերպում է իր հիվանդության շուրջ: Այսինքն շաքարախըը դառնում է կենսակերպ: Թիրետոքսիկոզն առաջանում է վահանաձև գեղձի գեր/թերֆունկցիաների հետևանքով:

Հիվանդության հոգեդինամիկ աղբյուրը պաշտպանվածության զգացումի բացակայություն է վաղ մանկության տարիքում և երեխայի պահանջմունքների ֆրուստրացիան ծնողների կողմից: Արդյունքում երեխան ժամանակից շուտ նույնացվում է ծնողներից՝ հատկապես մոր հետ. “Եթե ես չեմ կարող լինել ծնողիս կողքին,ապա պետք է դառնամ նրա նման,որպեսզի կարողանամ գոյություն ունենալ առանց նրա”:

Սակայն այս վաղ նույնականացումը գերազանցում է անհատի ֆիզիկական և հոգեկան հնարավորությունները և հանգեցնում ներքին լարվածության,տագնապի: Այսպիսով, թիրեոտոքսիկոզի հոգեդինամիկական նկարագիրը հետևյալն է ՝ կախվածության ցանկության ֆրուստրացիա և անպաշտպանվածություն, կախվածության օբյեկտի հետ վաղ, անհաջող  նույնականացում, ինքնահաստատման և շրջապատին օգնելու ձգտում, անհաջողություն, թիրեոքսիկոզ:

5. Հենաշարժողական համակարգի խանգարումներ
 
Այս համակարգի հոգեսոմատիկ խանգարումը  ռևմատոիդ արտրիտն է: Հիվանդության հիմքում ընկած են ագրեսիվ իմպուլսները,արտամղումը,դոմինանտության հասնելու ձգտումը, մազոխիստական դրսևորումները ինքնազոհողության, շրջապատի հանդեպ չափազանց հոգատարության ձևով: Կանանց հատուկ է կնոջ դերի մերժումը,որը հոգեվերլուծության մեջ կոչվում է բողոքի մասկուլինային  ռեակցիա: Հիվանդությունը պայմանավորող ագրեսիվ իմպուլսները նրանց մոտ արտահայտում են անգիտակցական բողոք`   ուղղված մորը:

Ընհանրացնելով այս ամենը՝ կարող ենք նշել հիվանդության հոգեդինամիկ նկարագիրը. ծնողների կողմից սահմանափակումները և միևնույն ժամանակ գերխնամքը մանկության ընթացքում, բողոք`   ուղղված ծնողներից մեկի դեմ, բողոքի ճնշում ծնողներից կածվածության մեջ գտնվելու միջոցով, բողոքի արտահայտում ֆիզիկական ակտիվության միջոցով, դեռահասության շրջանում թշնամանքի արտահայտումն ինքնազոհողության, շրջապատին կառավարելու,մասկուլին բողոքի ձևով,անհաջություն,մկանային տոնուսի բարձրացում, արտրիտ:

6.Մարսողական համակարգի խանգարումներ
 
Այս համակարգի հիմնական ֆունկցիաներն են կլանումն ու արտազատումը: Վաղ մանկության տարիքում այս երկու պրոցեսներն են որոշում երեխայի հուզական կյանքը և կապն արտաքին աշխարհի հետ:Հաճախ սնման ընթացքը հասուն անհատին տալիս է ոչ միայն հագեցվածության,այլև պաշտպանվածության,անվտանգության զգացում:

Վերջապես,շատերի համար այս երևույթը բավարարվածության հասնելու միակ միջոցն է,սակայն վերոհիշյալ պահանջմունքը ֆրուստրացվում է,ինչի հետևանքով էլ զարգանում են հոգեսոմատիկ հիվանդություներ:Դրանցից է տասներկումատնյա աղիքի խոցը ,որին հատուկ է ներքին կոնֆլիկտ    ՝  կախվածության ինֆանտիլ ցանկության և հասուն էգոի անկախության ձգտման միջև:

Արդյունքում տեղի է ունենում հետընթաց.կախվածության ցանկությունը վերածվում է կերակրված լինելու ցանկության: Խոցային հիվանդության կլինիկական ընթացքում կենտրոնական գործոնը կախվածության ,օրալ ցանկության ֆրուստրացիան է:

Չգտնելով իրենց բավարարումն արտաքին աշխարհում`   դրանք ստեղծում են քրոնիկական հուզական լարվածություն,որը յուրօրինակորեն  ներգործում է մարսողական համակարգի վրա:

7.Խոցային կոլիտ
 
Հայտնի յոթնյակի մեջ մտնում է նաև խոցային կոլիտը: Հաճախ այն դիտարկվում է՝ որպես մելանխոլիայի սոմատիկ էկվիվալենտ,որին հատուկ են աուտոդեստրուկտիվ սուիցիդալ հակումներ: Ալեքսանդրի բնորոշմամբ խոցային կոլիտն աղիքային ինքնասպանությունն է:
 
Արտաքուստ այս անձինք նյարդային են, բռնկուն, շատ զգայուն,հակված են կպչունության: Հիմնային կոնֆլիկտն անինքնավստահությունն է, սիմվոլիկ ձևով արտահայտում է անցյալի խնդիրներից արագ հրաժարվելը:

Խնդիրն առաջ է գալիս ծնողների չափից դուրս պահանջկոտության հետևանքով, որի արդյունքում առաջանում է պարտության և ճնշվածության զգացում, ձևավորվում է անվստահություն: Անձն ունի չբավարարված սիրո և քնքշանքի պահանջմունք:


Նյութը`   "Գոյ" հոգեբանական կենտրոնի

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: