Առողջապահություն

Ամուսնալուծությունն ու երեխաները

Ամուսնալուծության փաստի նկատմամբ երեխաների արձագանքը մեծ մասամբ բավականին բուռն է լինում: Իրենց՝ երեխաների գնահատմամբ, սթրես առաջացնող ամենատարբեր իրավիճակների շարքում ամուսնալուծությունը գտնվում է չորրորդ տեղում՝ ծնողների, քույրերի, եղբայրների և մոտիկ բարեկամների մահից հետո: Ծնողների ամուսնալուծության վերաբերյալ երեխաներն ամենատարբեր ձևով են արձագանքում:

Մի մասը կտրականապես հրաժարվում է հավատալ այդ փաստին, ժխտում  դա՝ պնդելով, որ ծնողները հիմնավոր, լուրջ պատճառներ չունեն այդ քայլին դիմելու, չի ցանկանում լսել նրանց բացատրությունները, հույսեր է փայփայում, որ նրանք կփոխեն իրենց որոշումը, և այլն:Շատ երեխաներ երկար ժամանակ շարունակում են ապրել այն հույսով, որ ծնողները կրկին միասին կլինեն:

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ այդպես են մտածում 5-7 տ. երեխաների 67,5%-ը, դեռահասության և պատանեկության տարիքում այդ հույսերն  ավելի քչերի մոտ են հանդիպում, բայց, այնուամենայնիվ,  պահպանվում 16%-ի մոտ:

Ամուսնալուծության արդյունքում շատ երեխաների մոտ սրվում են վախի, տագնապի  զգացումները, աճում ապագայի նկատմամբ անվստահությունը:Նրանք զայրույթով են լցվում և սկսում թշնամանք տածել ծնողներից հատկապես նրա նկատմամբ, ով մեղադրվում է ամուսնալուծությունը հրահրելու գործում: Երեխան կարող է մեղադրել հորը կամ մորը՝ ընտանիքը լքելու համար, հայտարարել, որ ատում է նրան, և երբեք չի ների:

Շատ դեպքերում երեխաները սկսում են մեղադրել իրենք իրենց`   կարծելով, որ ծնողների ամուսնալուծության հարցում  մեղավոր են իրենք, քանի որ ժամանակին չեն կասեցրել այն, կամ չեն արդարացրել ծնողների սպասելիքները: Նման տանջալից ապրումները երեխաները, որպես կանոն, թաքցնում են:
Ամուսնալուծության դեպքում հաճախ է ի հայտ գալիս նաև խանդը, եթե հայրը կամ մայրը սկսում են հանդիպել ուրիշի հետ, դեռահասն իրեն լքված է զգում՝ վախենալով, որ այլևս չի հետաքրքրում իր ծնողին, որ նրա սրտում այդ տեղը զբաղեցրել է օտար մեկը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունից հետո առաջին տարվա ընթացքում ինչպես տղաներն, այնպես էլ աղջիկները, թե՛ հասակակիցների, թե՛ մեծահասակների նկատմամբ դրսևորում են առավել ագրեսիվ, տագնապային և անհնազանդ վարքագիծ, քան չամուսնալուծված ընտանիքների երեխաները:

Ամուսնալուծության երկրորդ տարում խնդիրներն սկսում են քչանալ, սակայն միայն այն ընտանիքներում, որտեղ երեխաները հաջողությամբ հարմարվել են նոր պայմաններին: Երեխայի բարեհաջող հարմարվելը կախված է մի շարք գործոններից: Դրանցից գլխավորն ամուսնալուծությունից առաջ ընտանիքում տիրող մթնոլորտն է: Այն դեպքում երբ, ամուսնալուծությունը վերջ է դնում վեճերին ու կռիվներին, այն կարող է նույնիսկ դրական ազդեցություն թողնել: Որոշ երեխաներ նշում են, որ ավելի թեթև են տարել ամուսնալուծության փաստը, քան դրան նախորդող կոնֆլիկտները, քանի, որ վախեցել են բռնություններից, ամաչել են ծնողների վեճերից և այլն: Այս պարագայում ամուսնալուծությունը երեխային թեթևություն է բերում:

Դեռահասի վրա ավելի անբարենպաստ է ազդում ամուսնալուծությունը, որն ընթանում է "ռազմական գործողությունների" ձևով՝ ներառելով փոխադարձ մեղադրանքներ՝ չիրականացրած ամուսնական, ծնողական պարտավորությունների, ծնողներնից մեկի դավաճանության, վատ սովորությունների վերաբերյալ: Վիճակը ծանրանում է, հատկապես երբ ծնողները պայքարի մեջ են ներգրավում երեխային՝ ստիպելով նրան պաշտպանել կողմերից մեկին, կամ շահագործելով նրանց՝ որպես լրտեսների:

Համեմատաբար խաղաղ  ամուսնալուծությունը որոշակիորեն  մեղմացնում է դեռահասի տառապանքները, նամանավանդ եթե ծնողները բացատրում են երեխային, որ բաժանվում են իրարից, այլ ոչ թե երեխաներից, և մշտապես սիրելու են նրանց:
Կարևոր գործոններ են նաև ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինների միջև փոխհարաբերությունները և, որն ամենակարևորն է, երեխայի հնարավորությունը՝ հավասարապես հաղորդակցվելու  երկու ծնողների հետ:

Երեխայի համար իրավիճակը բարդանում է հատկապես այն դեպքում, երբ երեխայի հետ մնացող ծնողն արգելում է նրան դրական զգացմունքներ տածել հեռացողի նկատմամբ, սիրել նրան, խոսել և նույնիսկ մտածել նրա մասին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: