Առողջապահություն

Երբ երեխան անհնազանդ է

Անհնազանդությունր հաղթահարելու ամենահուսալի միջոցն այն դժբախտության արտահայտման ձև համարելն է: Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչն է դրդում փոքրիկին անհնազանդ լինել։ Ինչպե՞ս է պատահում՝ երեխան, որը դեռ երեկ բոլորովին չէր անհանգստացնում ծնողներին, հանկարծ սկսում է չհնազանդվել։ Ճի՞շտ է արդյոք այն հնացած տեսությունն, ըստ որի՝ խաղաղ ճանապարհով ոչ մի բանի հնարավոր չէ հասնել։

Հասկանալի է, որ երեխաների անհնազանդությունից ծնողները սրտնեղում են զուտ գործնական տեսանկյունից և, սովորաբար, մտածում ոչ թե  դրա պատճառների մասին, այլ փորձում քայլեր ձեռնարկել այն պահին, երբ երեխան չի ենթարկվում։

 

Տարբեր աղբյուրներ բավականին արժեքավոր խորհուրդներ են տալիս  անհնազանդության դեմ պայքարի վերաբերյալ, մինչդեռ շատ ավելի կարևոր է մեկ այլ բան. ինչպե՞ս են այդ խորհուրդները կիրառվում իրականում։ Եթե ծնողները, թեկուզ ակամա, անհամբերություն ու գրգռվածություն են ցուցաբերում, դրանով իսկ հիմնովին խարխլում են  հաջողության հասնելու հնարավորությունը։ Բացի այդ, որոշ ծնողների հաջողվում է նույնիսկ լավագույն խորհուրդները ճնշման միջոցներ դարձնել։ Կարճ ասած՝ շատ ավելի կարևոր է այն, թե մենք ինչպես ենք գործում, այլ ոչ թե ինչ ենք անում։

Երեխան մեծահասակների գործողություններն ընկալում է՝ կախված նրանից, թե ինչպես է  վերաբերվում նրանց։ Եթե փոքրիկն զգում է, որ  իրեն չեն համակրում, ապա յուրաքանչյուր դիտողություն ու նկատողություն նրան  տառապանք է պատճառում։ Եվ ընդհակառակը՝ եթե երեխան զգում է, որ ծնողներն իրեն պաշտպանում և սիրում են, և հարաբերությունները նրանց հետ կառուցված են վստահության, անկեղծության հիման վրա, ապա մեծահասակների նկատողությունները նրան հավասարակշռությունից չեն հանի։ Նա իրեն  ինքնավստահ կզգա, եթե  նույնիսկ նրան երբեմն բավականին խիստ հանդիմանեն։ Այլ կերպ ասած՝ եթե երեխան  խիստ ու  հաճախակի է պատժվում, ապա նա դրանից ավելի հնազանդ չի դառնում։ Հնազանդության և պատժի միջև, իրականում, ոչ մի կապ չկա։

Եթե ավելի լավատեսորեն դիտարկենք խնդիրը, ապա կարելի է ասել, որ երեխան հնազանդ է դառնում այն դեպքում, երբ ծնողներին հաջողվում է հավասարակշռել իրենց դժգոհությունն ու գոհունակությունը։ Եթե երեխան համոզված է, որ մեծերից մեծ մասամբ օգնություն և հավանություն կստանա, ապա նրանց դժգոհությունը  կստիպի մտածել, թե ինչն է դրա պատճառը։ Տվյալ դեպքում առանձնապես նշանակություն չունի, թե ծնողների դժգոհությունն ինչպես է արտահայտվում՝ հետույքին թրմփացնելով, որևէ գրավիչ կամ ցանկալի բանից զրկելով, թե միայն բառերով։ Թեև այս վերջին եղանակը, նպատակին հասնելու տեսակետից լավագույնն է:

Երեխան երեք տարբերակն էլ միշտ ընկալում է միանշանակ որպես ծնողների դժգոհություն։ Եթե երեխան ծնողների հետ լավ հարաբերությունների մեջ է, շատ հանգիստ է վերաբերվում նրանց զայրույթի առանձին պոռթկումներին, ավելին՝ անհրաժեշտության դեպքում անպայման դա պետք է անել , բայց  մեղմորեն, կարծես իմիջիայլոց: Երեխայի անհնազանդությունն այլևս չպետք է ներկայացնել  որպես  մի իրադարձություն, որն ի վիճակի է կանգնեցնելու երկրի պտույտն իր առանցքի շուրջը։ Վատ վարքի կամ անհնազանդության համար նրան դիտողություն անելու փոխարեն պետք է ափսոսանք արտահայտել. շա՜տ, ափսոս, որ փոքրիկը սխալվեց և չվարվեց այնպես, ինչպես պետք է, ախր հիմա նա ինքն էլ այդ նույն պատճառով վշտացած է։ Երեխան շատ շուտով կզգա նման բարի մոտեցումը, իր նկատմամբ համակրանքը և ավելի ուրախ կդառնա։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: