Առողջապահություն

Երբ հայրը ժամանակավորապես բացակայում է

Եթե երեխան ծնվում ու մեծանում է հոր ժամանակավոր բացակայությամբ, դա չի նշանակում, թե նա մասնակցում է երեխայի խնամքին, ինչպես նաև չի նշանակում,որ երեխան զուրկ կմնա որևէ բանից։ Ամենևին։ Հայրը պետք է հնարավորինս շատ բան իմանա երեխայի մասին ու հաճախ ստանա նրա լուսանկարները։

Նամակներում մայրը սովորաբար հաղորդում է այն փաստերը, որոնք առավել կարևոր են թվում՝ երեխան առողջ է, նրա քաշն ավելանում է, 2 ատամ է հանել, նորմալ է զարգանում և նույնիսկ առաջ է անցնում իր հասակակիցներից։ Իհարկե, հոր համար էլ կարևոր է այս ամենը, բայց պետք են նաև ուրիշ շատ մանրամասներ, որոնց մայրը նշանակություն չի տալիս։ Համառոտ  նկարագրեք երեխայի կյանքից 10 րոպե`   ինչպես է ձգվում գիրքը վերցնելու համար, իսկ հետո վայր ընկնում, ինչպես է «համտեսում» կազմն ու ծամածռում դեմքը, ինչպես է կռանում, որ ուշադրությամբ զննի նկարները, ասես որևէ բան է հասկանում, ինչպես է թղթերը պատառոտում, այնուհետև թղթի կտորը բռունցքի մեջ ամուր սեղմած չոչ անում, հետո կանգ առնում ռադիոընդունիչի առջև ու ամենայն լրջությամբ հարվածում։

 

Դուք կզարմանաք, թե որքան բան կարելի է պատմել երեխայի մասին։ Նամակը կարդալիս հայրը կժպտա՝ պատկերացնելով այդ ամենը։ Շատ շուտով կսովորեք հիշել Ձեր երեխայի զվարճալի արտահայտությունները, որպեսզի հետո նամակով հաղորդեք հորը։

Հարկ է նշել նաև մի շատ կարևոր հարց։ Մոր նման՝ հայրն էլ է ուզում զգալ, որ իր գոյությունն անհրաժեշտ է և օգտակար։ Եթե նրան չանհանգստացնելու համար մայրը միայն պատմում է, թե որքան լավ է գլուխ հանում բոլոր դժվարություններից և որքան հաջող է կազմակերպում ամեն բան, հայրն ակամա իրեն անօգտակար կհամարի: Բայց մյուս կողմից, հոր համար ծանր է լսել երեխայի վերաբերյալ մոր ապրումների ու տագնապների մասին, երբ ինքր ոչնչով չի կարող օգնել։ Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ մայրը կարող է խորհրդակցել հոր հետ. արդյոք պե՞տք է դրամ ծախսել ամառանոց մեկնելու համար, մյուս տարի  ուղարկե՞լ երեխային մանկապարտեզ, կարելի՞  է թույլ տալ նրան ծառ բարձրանալ՝ չնայած վտանգի է ենթարկվում ու պատռում հագուստները։ Անշուշտ հայրը կմասնակցեր այս հարցերի լուծմանը, եթե տանը լիներ։ Կողքից դիտողի դերում լինելով՝ հայրը կարող է միանգամայն նոր տեսանկյունից  մոտենալ այդ հարցերին և այնպիսի խորհուրդներ տալ, որ մոր մտքով չէր անցնի։ Մասնակցելով ընտանեկան հարցերի լուծմանը՝  հայրն ավելի է կապվում ընտանքի հետ։ Մայրը կարող է մտածել, թե առանց այն էլ իր համար դժվար է, և ամուսնու խորհուրդներր միայն կբարդացնեն գործը։ Բայց ցանկանում եք այդ, թե ոչ, երկու ծնողներն էլ պետք է մասնակցեն երեխայի դաստիարակությանը։

Ինչպե՞ս լրացնել հոր բացակայությունը

 Անխոհեմություն է ենթադրել, թե հոր բացակայությունը կամ մահը ոչ մի ազդեցություն չեն թողնում երեխայի վրա, կամ, որ  մոր համար հեշտ է լրացնել այդ բացը։ Սակայն ճիշտ վարվելու դեպքում երեխան, լինի տղա, թե աղջիկ, կարող է մեծանալ ու ապրել բնականոն, լիարժեք կյանքով։ Վճռական դեր է խաղում մոր վերաբերմունքը։ Նա կարող է իրեն միայնակ զգալ՝ շարունակ գամված երեխային, ժամանակ առ ժամանակ զայրանալ, երբեմն էլ ողջ զայրույթը թափել երեխայի գլխին։ Շատ կարևոր է, որ հնարավորության սահմաններում մայրը շարունակի ապրել սովորական կենսակերպով։ Դա շատ դժվար է, եթե նա երեխա ունի, և ոչ ոք չի օգնում։ Բայց նա կարող է տուն հրավիրել ծանոթներին կամ իր հետ հյուր տանել երեխային։ Երեխայի համար ավելի կարևոր է մոր լավ տրամադրությունը, քան գերազանց ռեժիմը։ Բնավ էլ ցանկալի, որ մայրն իր բոլոր մտքերը, սերն ու հոգատարությունը կենտրոնացնի միայն զավակի վրա։ Հորից զրկված երեխան՝ մեծ, թե փոքր, տղա, թե աղջիկ, կարիք ունի բարեկամական հարաբերություններ պահպանելու ուրիշ տղամարդկանց հետ։ Մինչև 2 տարեկան երեխային բավական է հաճախ հիշեցնել, որ գոյություն ունեն այնպիսի համակրելի արարածներ, ինչպիսին տղամարդիկ են, որոնք խոսում են թավ ձայնով և կանանցից տարբերվում են իրենց հագուստով ու շարժուձևով։ Եթե մտերիմ տղամարդ չկա, հարմար է նաև խանութի վաճառողը, որը պարզապես ժպտում ու բարևում է երեխային։

3 տարեկան և ավելի մեծ հասակում էլ ավելի կարևոր է, թե երեխան ինչպիսի հարաբերությունների մեջ է տղամարդկանց հետ։ Ե՛վ տղայի, և՛ աղջկա համար անհրաժեշտ է շփվել տղամարդկանց ու իրենցից մեծ տղաների հետ, զգալ նրանց մտերմությունը։ Պապիկը, քեռայրը, հորեղբոր կամ մորեղբոր տղաները, ուսուցիչը, ընտանիքի հին բարեկամները կամ բոլորը միասին կարող են փոխարինել հորը, եթե նրանք բավականություն են զգում երեխայի հետ շփվելուց ու հաճախ հանդիպում նրան։ Երեք տարեկանից մեծ ամեն մի երեխա մտովի ստեղծում է հոր կերպարը, որը դառնում է նրա կատարելատիպն ու ոգեշնչում՝ անկախ այն բանից՝ երեխան հիշում է հորը, թե ոչ։ Մյուս տղամարդիկ, ում հետ հաճախ է հանդիպում, և ովքեր  հաճույքով են խաղում նրա հետ, աղբյուր են ծառայում՝ հոր կերպարն ստեղծելու համար, ազդում նրա երևակայության վրա, հոր կերպարը դարձնում ավելի կարևոր ու թանկ։

Մայրն իր հերթին կարող է առանձնահատուկ հյուրընկալություն ցույց տալ տղամարդ ազգականներին, ընտրել այնպիսի դպրոց, որտեղ դասավանդում են տղամարդ ուսուցիչներ, խրախուսել նրան ընդունվելու այնպիսի խմբակներ ու այլ կազմակերպություններ, որոնց ղեկավարները տղամարղիկ են։


Եթե մոր կյանքում չկան ուրիշ հավասարաչափ զորեղ մտերմական կապեր, ապա նա գայթակղություն է զգում տղային դարձնելու  իր մտերիմ հոգևոր զինակիցը, աշխատում է նրան հետաքրքրել սենյակների կահավորմամբ, հագուստով, այլ մարդկանց վերաբերյալ իր կարծիքներով ու զգացումներով, իր սիրած գրքերով ու զվարճանքներով։ Եթե նրան հաջողվի իր աշխարհն ավելի գրավիչ ու թեթև դարձնել որդու համար, քան նրա ընկերների աշխարհն է, որտեղ ստիպված է ինքնուրույն նվաճել իր տեղը, ապա տղան ժամանակից շուտ կմեծանա և կունենա կանացի հետաքրքրություններ։ Իհարկե, մոր մտերմությունը օգուտից բացի ուրիշ ոչինչ չի տա երեխային՝ պայմանով, որ մայրը չխանգարի նրան ինքնուրույն անցկացնելու ժամանակը, ինքն էլ կիսի նրա հետաքրքրությունները, այլ ոչ թե ստիպի առավելապես ապրել իր հետաքրքրություններով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: