Առողջապահություն

Ախորժակի խնդիր

Ինչո՞ւ են շատ երեխաներ վատ ուտում, որովհետև նրանց ծնողներն ամեն կերպ աշխատում են ստիպել, որ լավ ուտեն։ Նման խնդիր չկա նաև այն երկրներում, որտեղ մայրերը չգիտեն կերակրելու կանոններր և այդ մասին չեն էլ անհանգստանում։
Կատակով կարելի է ասել, որ երեխայի ախորժակը փչացնելու համար հարկավոր են գիտելիքներ ու շատ ամիսների համառ աշխատանք։ Մի երեխա ծնվում է «գայլի» ախորժակով, որը չի փակվում նույնիսկ հիվանդ կամ հոգնած ժամանակ։ Մեկ այլ երեխայի ախորժակը չափավոր է և իսկույն վատանում Է հիվանդության կամ հուզվելու դեպքում։ Որոշ երեխաներ միշտ գեր են, մյուսները՝ նիհար, թեև յուրաքանչյուր երեխա ծնվում է բավարար ախորժակով, որպեսզի պահպանի առողջությունն ու նորմալ քաշը։
 
Ամբողջ դժբախտությունն այն է, որ երեխան ծնվում է նաև ներշնչվելու բնազդով, երբ չափից ավելի են ստիպում ուտել, զզվանք է տածում այն սննդամթերքների նկատմամբ, որոնք տհաճ ասոցիացիաներ են առաջացնում։ Կա ևս մի բարդություն. մարդը միշտ չէ, որ սիրում է միևնույն սնունդը։ Միառժամանակ նա կարող է նախաճաշին ուտել մեծ քանակությամբ սպանախ կամ շիլա, բայց մի ամիս հետո դրանց վրա նայել անգամ չի կարողանում։
 
Որոշ մարդիկ միշտ շատ են ուտում խմորեղեն ու քաղցրավենիք, իսկ մյուսները շատ քիչ են օգտագործում դրանք։ Այս ամենն իմանալով՝ հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչից է ծագում երեխայի ախորժակի խնդիրը։ Ամենափոքր հասակից մայրն ստիպում է երեխային ավելի շատ կաթ խմել, քան նա ուզում է, երեխան էլ սկսում է համառել։
 
Մեկ տարեկանից հետո շատ երեխաներ տարբերություն են դնում կերակուրների միջև, որովհետև այդ ժամանակ նրանց քաշը չպետք է այնքան արագ ավելանա, ինչպես կյանքի առաջին տարում, և այդ պատճառով նրանք դառնում են ավելի ինքնակամ։ Ատամների դուրս գալու ժամանակ երեխայի ախորժակը սովորաբար վատանում է։ Համոզելն ավելի է փչացնում ախորժակը և կարող է ընդմիշտ դարձնել նրան «վատ ուտող»։
 
Մոր նյարդերն էլ «պողպատից» չեն
 
Եթե երեխան մշտապես վատ ախորժակ ունի, մայրն անհանգստանում է, որ երեխան կհիվանդանա վիտամինների ու սննդանյութերի պակասից կամ նրա օրգանիզմը կզրկվի վարակներին դիմադրելու ընդունակությունից։
 
Որքան էլ բժիշկը փորձի համոզել, որ վատ ախորժակ ունեցող երեխաներն ամենևին էլ ավելի շատ ենթակա չեն հիվանդությունների, քան մյուսները, մայրը կդժվարանա հավատալ դրան։ Կինը կարող է մեղավոր զգալ իրեն՝ երևակայելով, թե բոլոր հարազատները, հարևաններն ու բժիշկն իրեն վատ մայր են համարում։ 
 
Ձեր նպատակը պետք է լինի ոչ թե ստիպել երեխային ուտել, այլ ստեղծել այնպիսի պայմաններ, որ ինքը ցանկանա ուտել։ Աշխատեք երեխայի ներկայությամբ երբեք չքննարկել նրա ախորժակի հարցը ոչ սպառնալիքի, ոչ էլ խրախուսանքի ձևով։
 
Մի գովեք նրան, եթե առանձնապես լավ ուտի, ոչ էլ ցույց տվեք, թե անհանգստացել եք քիչ ուտելու համար։ Որոշ ժամանակ անց պարզապես կվարժվեք չմտածել այդ մասին, և դա կլինի ձեր ամենամեծ նվաճումը։ Երբ երեխան զգա, որ իրեն ոչ ոք չի ճնշում, ավելի շատ ուշադրություն կդարձնի իր ախորժակի վրա։
 
Ավելի լավ է քիչ, քան շատ
 
Եթե երեխան վատ ախորժակ ունի, ուտելիքը տվեք փոքր կերաբաժիններով։ Եթե նրա ափսեն լիքը լցնեք, դրանով կհիշեցնեք, թե որքան շատ պիտի ստիպված լինի թողնել ափսեի մեջ, և նրա ախորժակն ավելի կփակվի։ Բայց, եթե սովորականից էլ քիչ եք տալիս, ստիպում եք նրան լրացուցիչ ճաշ խնդրել։
 
Այդպիսով կօժանդակեք ձեր երեխային ուտելիքին վերաբերել իբրև շատ ցանկալի բանի։ Եթե նրա ախորժակը շատ վատ է, առաջարկեք շատ փոքր բաժին`   մի թեյի գդալ միս, մի թեյի գդալ բանջարեղեն և մի թեյի գդալ շիլա։ Երբ երեխան վերջացնի ուտելը, եռանդով մի հարցրեք`   «էլի կուզե՞ս»։ Թող ինքը խնդրի թեկուզ դրան հասնելու համար պահանջվի մի քանի օր։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: