Առողջապահություն

Հոգեթերապիա

Հոգեթերապիան յուրահատուկ գործունեություն է, որի նպատակն է օգնել սուբյեկտին հաղթահարելու իր տարաբնույթ կենսական դժվարությունները։ Այդ դժվարությունները մարդկանց մոտ դրսևորվում են որպես տառապանքի վիճակ, որից մարդիկ ձգտում են ձերբազատվել։

Մեր օրերում հոգեթերապիայի նկատմամբ աննախադեպ մեծ պահանջարկ կա, որը գնալով ավելի ու ավելի է մեծանում։ Ժամանակակից հասարակության  կյանքր  չափազանց արագ ու բուռն տեմպերով է փ։ոփոխվում. կայուն, ծանոթ ու հարմարավետ աշխարհն իր տեղը զիջում է դինամիկ, մշտապես նորացող ու փոփոխվող աշխարհին։ Ներկա դարաշրջանը կարելի է բնութագրել՝ որպես անհատականացման ժամանակաշրջան։ Անհատականանում և բարդանում են ոչ միայն միջանձնային փոխհարաբերությունները, այլև մարդու բուն անձը։

ժամանակակից մարդն իր առօրյա կյանքի յուրաքանչյուր քայլափոխին ընտրության իրավիճակում է հայտնվում՝ ում հետ շփվել, իսկ ում հետ՝ ոչ, ինչպես որոշումներ կայացնել, ինչպես և  ում հետ ամուսնանալ, ուր գնալ սովորելու, ինչ մասնագիտություն ընտրել, ինչպիսի հագուստ կամ սննդամթերք օգտագործել, ինչպես վարվել այս կամ այն  իրավիճակներում, ինչպես վերաբերվել գործընկերներին, ինչ նպատակներ սահմանել, ինչին հավատալ, իսկ ինչին՝ ոչ, և այլն։

Կա հետազոտություն,ըստ որի՝  ժամանակակից խոշոր քաղաքներում մարդն օրվա ընթացքում միջինում  400 անգամ  հարաբերվում է այլ մարդկանց հետ։ Սա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է հոգեկանի համար, ներքին մեծ լարումների մշտական աղբյուր։Նևրոզները, որոնք այդքան բնորոշ են  մարդուն և այդքան տարածված են ժամանակակից հասարակություններում, ներքին երկփեղկվածության, ներանձնային կոնֆլիկտների ու հակասությունների արդյունք են։

Շատ ու շատ մարդիկ հաճախ այդպես էլ չեն կարողանում հաղթահարել ներքին բախումներն ու պառակտվածությունը, վերականգնել ներքին հավասարակշռությունը, կայունությունն ու ներդաշնակությունը։ Այս ամենի հետևանքով ներկայում հոգեթերապիայի նկատմամբ առկա պահանջարկը գնալով ավելի ու ավելի է աճում.նաև դրա կիրառման բնագավառներն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջանում։

 Շատ կարևոր է այն, որ հոգեթերապիան ոչ միայն առանձին անհատների, այլև մարդկանց մեծաթիվ խմբերի, կոլեկտիվների, կորպորացիաների ու զանազան այլ հանրությունների խնդիրների լուծման միջոց է: Առանց վարանելու կարելի է կանխատեսել, որ ապագայում լայնորեն տարածում կգտնեն հոգեթերապիայի հատկապես խմբային և կոլեկտիվ ձևերն ու մեթոդները։

Հոգեթերապիայի կողմից մշակվող մեթոդների լայնածավալ կիրառումր կարող է զգալի բարենպաստ փոփոխություններ առաջացնել հասարակության կյանքում, և այդ  փաստը գնալով ավելի շատերն են գիտակցում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: