Հանրագիտարան

Սբ.Ադրիանոսի և նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների հիշատակության օր

Հուլիսի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ.Ադրիանոսի և նրա կնոջ`   Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների հիշատակության օրը: Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն, տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը, իր կնոջ`   Անատոլիայի աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով`   նահատակվում է 310 թ.-ին:
Անատոլիան, որ քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին`   չտկարանալու հավատի մեջ և արիաբար ընդունելու մարտիրոսական պսակը, իր ամուսնու նահատակությանը ներկա էր`   ձևանալով իբրև այր: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստացել է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով: 
 
Թեոդորոսը Լիկիանոս կայսեր օրոք զորավար էր հռոմեական բանակում: Վերջինս, թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է և սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատից եւ դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319 թ.-ին: 
 
Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայսեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով`   բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց`    Կալինիկոս քուրմը, որն իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում և գլխատվում: Ելևթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվում է իր մահով: 
 
Աղբյուրը`    www.qahana.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: