Հանրագիտարան

Վահան Մամիկոնյան

Վահան Մամիկոնյանի ժամանակ ճանաչվեց Հայաստանի ներքին ինքնավարությունը: Նա եղել է Պարսից տիրապետության դեմ 481–484 թթ-ի հայ ազգային-ազատագրական կռիվների (Վահանանց պատերազմ) առաջնորդը:
Վահան Մամիկոնյանը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակի և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին է: Ավարայրի ճակատամարտից (451թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք: 455թ. Գուգարաց Աշուշա բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը:
 
 Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ: Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են Ատրպատական, և իշխանությունն անցել է ապստամբներին: Վահան Մամիկոնյանն ընտրվել է սպարապետ, Սահակ Բագրատունին՝ մարզպան, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը՝ մեծ դատավոր: Հայաստանից փախած պարսիկ մարզպան Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքել և 481թ.-ի աշնանը շարժվել դեպի Այրարատ: Մասիսի լանջին՝ Ակոռի գյուղի մոտ, հայկական ուժերը ճակատամարտում հաղթել են պարսիկներին: Ատրվշնասպն սպանվել է: Հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, ապստամբների շարքերը համալրվել են: Թշնամու ավելի խոշոր բանակ արշավել է Հայաստան: 482թ.-ի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ: Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով: Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան: Ներսեհապատի ճակատամարտը հայկական ռազմական արվեստի պատմության փառավոր էջերից է: 482թ.-ի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ Աղվանքով  ներխուժել է Վրաստան: Վրաց Վախթանգ I թագավորի խնդրանքով հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասել է օգնության, բայց Ճարմանայի դաշտում հայ-վրացական միացյալ բանակը ծանր պարտություն է կրել: Զոհվել են մարզպան Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ: Հայկական զորքը նահանջել է Տայք:
 
484թ.-ի ամռանը պարսից բանակը պարտվել է միջինասիական քոչվորական ցեղերին՝ հեփթաղներին. կռվում սպանվել է Պարսից Պերոզ արքան: Գահ է բարձրացել նրա եղբայր Վաղարշը: Արքունիքը համոզվել է, որ անհնար է բռնությամբ ճնշել հայոց ապստամբությունը և ընտրել է զիջումների ուղին: 484թ.-ի աշնանը Վաղարշ արքան Հայաստան է ուղարկել դեսպան Նիխոր զորավարին՝ հաշտության բանակցություններ վարելու համար: Բանակցությունները տեղի են ունեցել Հեր գավառի Նվարսակ գյուղում: Արքունիքը պարտավորվել է հրաժարվել կրոնափոխության ծրագրից, պահպանել Հայաստանում հաստատված նախարարական կարգը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, իսկ հայ նախարարները ճանաչել են Պարսից արքայի գերագահությունը: 
 
485թ. Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ և տանուտեր: Շուտով  նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան: 483–484թթ հիմնովին վերակառուցել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը: Աքսորից վերադարձրել է Ղազար Փարպեցուն, որը նրա պատվերով և հովանավորությամբ գրել է «Պատմություն Հայոց» երկը: Վահան Մամիկոնյանին է հղված Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: