Հանրագիտարան

Կոկորդիլոսներ և ալիգատորներ

Կոկորդիլոսները և ալիգատորները ջրային սողունների առանձին կարգ են կազմում: Հայտնի է ժամանակակից կոկորդիլոսների մոտ 30 տեսակ, որոնք մտնում են 3 ընտանիքների մեջ՝ ալիգատորներ (կայմաններ), իսկական կոկորդիլոսներ և գավիալներ:
Ալիգատորներն ապրում են Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասում (միսիսիպյան ալիգատոր) և Հարավային Ամերիկայում: Չինական ալիգատորը հազվագյուտ է և ապրում է Յանցզի գետի ստորին հոսանքներում: Իսկական կոկորդիլոսները հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի (նեղոսյան կոկորդիլոս), Ամերիկայի, Ավստրալիայի արևադարձային գոտում, Վեստ Ինդիա, Մալայան կղզեխմբերում և Օվկիանիայում: Գավիալների ընտանիքն ընդգրկում է 1 տեսակ՝ Գանգեսի գավիալը (ապրում է Հնդկաստանի և Հնդկաչինի գետերում): 
 
Կոկորդիլոսները և ալիգատորները շատ նման են միմյանց. մարմինը երկարացած է, վերից վար տափակ, ծածկված է հաստ եղջերային վահանիկներով, որոնց տակ տեղադրված են ոսկրային թիթեղիկներ: Ծնոտները զինված են բազմաթիվ սուր ատամներով, սակայն միակցելիս նկատելի են էական տարբերություններ. ալիգատորների դունչը կարճ է ու բութ, իսկ կոկորդիլոսների 4-րդ ատամը դուրս է ցցված:
 
Այս սողունների աչքերը և ռունգերը դուրս են ցցված գլխի վրա: Ականջի և քթի անցքերը սուզվելիս փակվում են հատուկ փականներով: Բերանի խոռոչում կա երկրորդային քիմք, որը քթի անցուղին բաժանում է բերանի խոռոչից ու դրանով գիշատչին հնարավորություն է տալիս ջրում երախը բաց պահել և միևնույն ժամանակ մթնոլորտային օդ շնչել ջրից դուրս թողած քթանցքերով: Լեզուն ամբողջ երկարությամբ սերտաճած է բերանի խոռոչի հատակին: Որսը կուլ է տալիս ամբողջությամբ, առանց ծամելու, իսկ պարզ կոնաձև ատամները ծառայում են միայն որսը բռնելուն: Թոքերը խոշոր են, ունեն բարդ խորշիկավոր կառուցվածք, որը հնարավորություն է տալիս կուտակել օդի մեծ պաշար և ջրի տակ երկար մնալ: Սիրտը քառախորշ է, փորոքները՝ աջ ու ձախ կեսերի բաժանված: Տեսողությունն ու լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը և շոշափելիքի զգայարանը՝ թույլ: 
 
Կոկորդիլոսները և ալիգատորները կատաղի գիշատիչներ են, որոնք ահ ու սարսափ են տարածում ջրային բնակիչների վրա: Նրանք պատկանում են սողունների հնագույն խմբին, որի ներկայացուցիչները, սկսած դինոզավրերի ժամանակաշրջանից, քիչ են փոփոխության ենթարկվել: Հիմնականում ապրում են ջրում, ցամաք են դուրս գալիս հազվադեպ՝ հանգստանալու, այլ ջրամբար տեղափոխվելու կամ բազմանալու համար: Ցամաքում դանդաղաշարժ են, ջրում՝ շատ ճարպիկ: Կողմնորոշվում են տեսողությամբ և լսողությամբ: Երաշտի ժամանակ խորասուզվում են տիղմի մեջ, քուն են մտնում մինչև անձրևների սկսվելը:
 
Կոկորդիլոսների հիմնական կերը ձուկն է: Խոշոր ու տարեց անհատները կարող են հարձակվել ավելի մեծ կենդանիների և մարդու վրա: 
 
Բազմացման շրջանում արուները սովորաբար բույն են կառուցում տիղմից ու բույսերից՝ ջրեզերքից ոչ հեռու: Որոշ տեսակներ ավազի մեջ խոր փոսեր են փորում և ձվերը (20–100) խնամքով ծածկում հողով կամ ավազով: Ձվերը հավի կամ սագի ձվերի չափ են՝ ծածկված կարծր կրային պատյանով: Ձվերի 3-ամսյա ինկուբացիայի ընթացքում կոկորդիլոսը չի լքում բնի տարածքը և խնամքով պահպանում է ապագա սերնդին: Երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, էգերը բերանով նրանց տեղափոխում են ջուրը: Փոքր կոկորդիլոսները նախընտրելի կերակուր են շատ կենդանիների համար: Այդ պատճառով էլ մայրերը երկար պահպանում են ձագերին: Վերջիններս սեռահասուն են դառնում 8–10 տարեկանում:
 
Կոկորդիլոսներն ապրում են մինչև 100 տարի:
 
Խոշոր կոկորդիլոսների և ալիգատորների համար բնության մեջ թշնամիներ չկան. նրանց պաշտպանում է զրահի պես հաստ մաշկը: Սակայն երիտասարդի մաշկը նուրբ է և թանկ է գնահատվում. օգտագործվում է արդուզարդի առարկաներ պատրաստելու համար: Ներկայումս կոկորդիլոսներին բուծում են հատուկ ֆերմաներում՝ կաշվի և նրբախորտիկ համարվող մսի համար: Սողունների այս տեսակներին անհետացման վտանգ է սպառնում, և նրանք պաշտպանության կարիք ունեն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: