Հանրագիտարան

Սան Մարինոյի Հանրապետություն

Սան Մարինոն Հարավային Եվրոպայի պետություններից է, սփռված է Ապենինյան լեռների Տիտանո լեռան (738 մ) լանջերին: Երկիրը 4 կողմից շրջապատված է Իտալիայի տարածքով:

Սան Մարինոն Եվրոպայի ժամանակակից պետություններից հնագույնն է: Ըստ ավանդության՝ 301թ. լեռներում ապաստան է գտել կրոնական հետապնդումների պատճառով Դալմաթիայից փախած մի քրիստոնյա՝ որմնադիր`   Մարինոն (հետագայում դասվել է սրբերի շարքը. այստեղից էլ լատիներեն «սան»՝ սուրբ նախածանցը): Նա լեռներում հիմնադրել է համայնք, որը շուտով դարձել է հանրապետություն:

1243թ.-ից հանրապետությունը գլխավորում են 2 կապիտան-խնամակալները, ովքեր ընտրվում են բնակչության կողմից՝ 6 ամիս ժամկետով: Ընտրությունների (տարին 2 անգամ) առիթով կազմակերպվում է տոնախմբություն, անցկացվում զինվորական շքերթ, որին մասնակցում է Սան Մարինոյի ամբողջ «բանակը»՝ 30 զինվոր: 

Սան Մարինոն չունի ոչ հարուստ բնական պաշարներ, ոչ հզոր արդյունաբերություն, բայց ունի բնակչության եվրոպական չափանիշի կենսամակարդակ, տասնյակ տարիներ ի վեր հանրապետությունում չի գրանցվել և ոչ մի գործազուրկ: 
Բնակիչների 80%-ը սանմարինոցիներ են, 19 %-ը`   իտալացիներ: 
Տնտեսության հիմքը միջազգային զբոսաշրջությունն է. յուրաքանչյուր տարի Սան Մարինո է այցելում շուրջ 3 մլն զբոսաշրջիկ: Գրեթե ողջ բնակչությունը զբաղված է սպասարկման ոլորտում: Եկամտաբեր են նաև հուշանվերների, տեղական գինու առևտուրը, նամականիշերի և դրամների (դրամագետների համար) թողարկումը: 
Երկրում գործում են նաև սննդի, թեթև, տեքստիլ, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ: 
 
 1956թ.-ից երկիրն ազատ տնտեսական գոտի է`   հարկերի ցածր տոկոսադրույքով, ինչն էապես նպաստում է տնտեսության զարգացմանը:
Սան Մարինոյի պատմական կենտրոնը 2008թ.-ի հուլիսից հայտարարվել է համաշխարհային մշակույթի հուշարձան:
Սան Մարինոն, ինչպես և մյուս փոքրիկ պետությունները, ՄԱԿ-ի և  միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների անդամ է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: