Հանրագիտարան

Ազգային դրոշի օր (ԱՄՆ)

Ամեն տարի՝ հունիսի 14-ին, ամերիկացիներն իրենց տները զարդարում են դրոշներով`   արտահայտելով իրենց հայրենասիրությունը: Ամեն տարի դրոշի օրը նշելու միտքը ծագել է 1885թ., երբ ուսուցիչ Բ.Ջ. Սիգրանդն այդպիսի օր կազմակերպեց Ֆրեդոնիայի աշակերտների համար:

Հաջորդ տարիներին Սիգրանդը շարունակում էր մամուլի և անձնական նամակների միջոցով հորդորել տոնել հունիսի 14-ը որպես «Դրոշի ծննդյան օր» կամ «Դրոշի օր»: Աստիճանաբար սկսեցին տոնը նշել ամերիկյան տարբեր դպրոցներում:

 

1894թ. Նյու Յորքի քաղաքապետը որոշում ընդունեց այն մասին, որ հունիսի 14-ին տոնվող դրոշի օրը պետք է ինչ-որ կերպով արտահայտվի հասարակական շենքերի վրա: Հենց այդ ժամանակ ԱՄՆ քաղաքացիներն սկսեցին դրոշներով զարդարել իրենց տների պատերը:

 

1916թ. նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից հունիսի 14-ը պաշտոնապես հռչակվեց Դրոշի օր: 1949թ.-ի օգոստոսի 3-ին նախագահ Թրումենը ստորագրեց Կոնգրեսի ակտ, որում նշվում էր, որ հունիսի 14-ն Ազգային դրոշի օրն է:

 

ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կա սպիտակ ու կարմիր 13 զոլ, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված բրիտանական գաղութները։ Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի նահանգների այժմյան թվին։ 

 

Կապույտ հատվածը խորհրդանշում է միասնություն: Կարմիր գույնը խորհրդանշում է դիմացկունություն, մուգ կապույտը՝ համառություն, արդարություն, զգոնություն, իսկ սպիտակը՝ անմեղություն և մաքրություն։
 
ԱՄՆ-ի դրոշը հատկանշական է նրանով, որ ի տարբերություն մյուս երկրների դրոշների, կապույտ գույնն ավելի մուգ է: Պաշտոնապես այդ կապույտը կոչվում է «Navy Blue»`   ռազմական ծովային կապույտ: Ընտրվել է կապույտ գույնի այդ երանգը, որովհետև այն համեմատաբար երկար ժամանակ է պահպանում իր գույնն ու հատկությունները: ԱՄՆ-ի դրոշի վրա կարմիր գույնը նույնպես մուգ է հենց այդ նույն պատճառով: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: