Հանրագիտարան

Տոնգայի Թագավորություն

Տոնգան պետություն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Տոնգա (Բարեկամություն) կղզեխմբի վրա:Այն կազմված է Խաապայ, Վավաու, Տոնգատապու կղզեխմբերից և 169 առանձին կղզիներից:
Տոնգատապու կղզին 1643թ. հայտնաբերել է Ա. Թասմանը, իսկ 1773թ. այստեղ ափ է իջել Ջ. Կուկը և կղզիներն անվանել Բարեկամության կղզիներ: 
 
Տոնգա կղզեխումբը կազմված է 2 զուգահեռ շղթաներից, որոնք տեղադրված են միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա: Այստեղ է գտնվում խորությամբ աշխարհում երկրորդ իջվածքը՝ Տոնգան (-10882մ): Կղզիներն ունեն հրաբխային ծագում, լեռնային ռելիեֆ, առանձին սրածայր գագաթներ հասնում են մինչև 1000 մ բարձրության: Կան գործող, այդ թվում՝ ստորջրյա (Ֆալկոն) հրաբուխներ: Կլիման մերձհասարակածային և խոնավ արևադարձային է: Գետեր կան միայն Էուա և Նիուատոպուտապու կղզիներում: Կղզիները ծածկված են հասարակածային խիտ անտառներով: Կենդանական աշխարհն աղքատ է: 
 
Տոնգան եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը. անկախություն է ձեռք բերել 1970 թ.: Երկրի բնակչության 98 %-ը պոլինեզացիներ (տոնգացիներ) են, կան եվրոպոլինեզական խառնածիններ: Երկրի տարածքի 20 %-ը (36 կղզի) անմարդաբնակ է:
 
Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու երկրագործությունն են: Մշակում են կոկոսյան արմավենի, ադամաթուզ, արքայախնձոր, տարո, բատատ, բանջարեղեն: Արդյունաբերությունը թույլ է զարգացած: Կան փայտամշակման ու գյուղատնտեսական հումքի մշակման ձեռնարկություններ ու արհեստանոցներ: Անհրաժեշտ մեքենաները, սարքավորումները, արդյունաբերական ապրանքները ներմուծվում են:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: