Հանրագիտարան

Տոկիո (Ճապոնիա)

Երկիր`   Ճապոնիա
Խոսվող լեզուներ`   Ճապոներեն
Բնակչություն`   12 544 000 մարդ
Խտություն`   5740 մարդ/կմ²
Ագլոմերացիա `   31 820 000
Ազգային կազմ`   Ճապոնացիներ
Տեղաբնականուն`   Տոկիոցի
Հեռախոսային կոդ`   +81 3 (Տոկիոյի հատուկ շրջանները)/ +81 4
Պաշտոնական կայք`   www.metro.tokyo.jp

Տոկիոն Ճապոնիայի մայրաքաղաքն է, աշխարհի առավել խոշոր և արագ աճող քաղաքներից մեկն է: Այն հիմնադրվել է XII դարի կեսին: 
 
Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում՝ Էդոգավա, Արագավա, Սումիդա, Տամա գետերի գետաբերանում՝ Խաղաղ օվկիանոսի՝ Տոկիոյի ծոցի ափին՝ Կանտո հարթավայրում: Կլիման մերձարևադարձային, մուսոնային է: 
Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1 օC է, օգոստոսինը՝ 25,6 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ: Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը. վերջինը (1923թ.)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հզ. մարդու կյանք:
 
Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից:
 
Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ: Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը:
 
Տոկիոն հիմնադրվել է XII դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ): 1457թ. այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր: 1590թ. ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ 1603–1867թթ.  Էդոն եղել է Տոկուգավա տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև 1868թ. Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը): 1720թ. Էդոյի բնակչությունը 1 մլն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր): 1869թ.՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը 1896թ. վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք: 
 
Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից (Նյու Յորքի ու Լոնդոնի հետ): Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն):
 
Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ:
 
Տոկիոն Ճապոնիայի հիմնական տրանսպորտային հանգույցն է. քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը: Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին: Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով: 
 
Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում  են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887թ.), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ: 
 
Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով: Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր):
 
Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923թ.-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45թթ.) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45թթ.) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին:  
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: