Հանրագիտարան

Տոգոյի Հանրապետություն

Տոգոն Աֆրիկայի արևմուտքում՝ Գվինեական ծոցի ափին գտնվող պետություն է: Երկրի տարածքը նեղ շերտով, Գվինեական ծոցից 600 կմ երկարությամբ, ձգվում է դեպի հյուսիս՝ մայրցամաքի խորքը:
Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, միայն հարավ-արևմուտքում ոչ բարձր լեռներ են: Ընդերքում կան երկաթի, ոսկու, ֆոսֆորիտների, նավթի պաշարներ:
 
Տոգոն գտնվում է մերձհասարակածային գոտում, ուր միշտ տաք է: Խոշոր գետերն են Մոնոն և Օտին, որոնք չորային սեզոնում խիստ ծանծաղում են: Գերակշռում են սավաննաները և մշտադալար անտառները, ափամերձ գոտում՝ կոկոսյան արմավենու պուրակները: Կենդանիներից կան առյուծ, ընձառյուծ, ընձուղտ, այծքաղ, շատ են կապիկներն ու միջատները (հատկապես`   ցեցե ճանճը):
 
Մինչև XIX դարի 2-րդ կեսը Տոգոյի տարածքում ձևավորվել են հնդկացիական մի շարք ցեղերի ֆեոդալական միավորումներ: XIX դարի վերջին սկսվել է Տոգոյի գաղութային նվաճումը: Առաջինն իրենց իշխանությունն այստեղ հաստատեցին գերմանացի գաղութարարները: Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո Տոգոյի արևմտյան մասը դարձավ Մեծ Բրիտանիայի, արևելյանը՝ Ֆրանսիայի ենթակայության տարածք: Ազգային-ազատագրական շարժման արդյունքում 1956թ. Ֆրանսիական Տոգոն հռչակվեց ինքնավար հանրապետություն, 1960թ. ՝ անկախ պետություն, իսկ Անգլիական Տոգոն 1956թ. միավորվեց Ոսկե ափ անգլիական գաղութին, որը 1957թ. հռչակվեց անկախ պետություն՝ Գանա:
 
Տոգոյում բնակվում են մոտ 45 էթնիկ խմբեր ու ժողովուրդներ, նաև ֆրանսիացիներ և այլք: Քաղաքներն են՝ Սոկոդե, Կպալիմե և այլն:
 
Տոգոն առավելապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են կակաո, սրճենի, բամբակենի, յամս, սորգո, զբաղվում են
անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: Զարգանում է հանքարդյունաբերությունը, առավել զարգացած է մշակող արդյունաբերությունը: Կան նավթավերամշակման, տեքստիլ, օծանելիքի, քիմիական արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ:
 
Հարթավայրային շրջաններում տարածված են ծղոտե, կոնաձև տանիքներով կավե կլոր տները, լեռնային շրջաններում՝ տափարակ կամ երկթեք տանիքով, կիպ կապված ծառաբներով տները: Որոշ քաղաքներում (Լոմե, Սոկոդե, Վոգան) կան ժամանակակից ոճով կառուցապատված թաղամասեր:
 
Ժողովրդական արհեստներից տարածված են ջուլհակությունը, փայտի, մետաղի և փղոսկրի քանդակազարդումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: