Հանրագիտարան

Ցին

Ցիները (ուրուրներ) ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են, պատկանում են բազեանմանների կարգին : Տարածված են Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:
Բնակվում են անտառներում, լեռնատափաստաններում, կիսաանապատներում, գետահովիտներում: Բնադրում են ծառերի վրա, զառիթափերին: Դնում են 2–3 (երբեմն՝ 5) ձու: Որսին (կրծողներ, մողեսներ, գորտեր, լեշեր և այլն) հետևում են օդում սավառնելիս, երբեմն հարձակվում են թռչունների վրա:
 
ՀՀ-ում հայտնի է ցիների 2 տեսակ՝ կարմիրը և սևը:
 
Կարմիր ցինը չվահյուր է: ՀՀ-ում նկատվել է Երևանի շրջակայքում, Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում, Շիրակի մարզում: Մարմնի երկարությունը 60–66 սմ է, թևերի բացվածքը՝ 175–195 սմ: Ճարպիկ է, բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով: Թռիչքն աշխույժ է, պոչը՝ մշտապես ոլորածածան: Սահասավառնում է ուղիղ պարզած թևերով: 
 
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
 
Սեվ ցինը տարածված թռչուն է: Նստակյաց է: Նախկինում աշնան, ձմռան ամիսներին սև ցիները մեծ կուտակումներով կեր էին որոնում մեծ աղբանոցներում, սպանդանոցների շրջակայքում, հատկապես Երևանի հարավային մասում՝ Հրազդան գետի հարևանությամբ: Ներկայումս թվաքանակը կրճատվել է 4–5 անգամ:
 
Մարմնի երկարությունը 22–24 սմ է, թևերի բացվածքը՝ 64–68 սմ: Բավականին բարեկազմ է, թևերը լայն են, պոչը՝ մկրատաձև և ոչ խորը կտրվածքով: Թռիչքը ճարպիկ է, ոլորածածան ու շարժուն պոչով սավառնում է թևերը հորիզոնական տարածած: Խոսրովի արգելոցում բնադրում է քիչ թե շատ բարձր սաղարթավոր ծառերին: Բնային կյանքում կերի պակասության ժամանակ կարող են հոշոտել ձագերից մեկին (կանիբալիզմ): Վտանգի դեպքում ծնողները ձագերին պաշտպանում են թշնամու վրա հարձակվելով: Սև ցինը խիստ օգտակար է. բնական սանիտար է, ոչնչացնում է կրծողներին: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: