Հանրագիտարան

Տաջիկստան Հանրապետություն

Տաջիկստանը Միջին Ասիայի հարավ-արևելքում գտնվող պետություն է: Տաջիկստանի կազմում է Լեռնային Բադաշխանի մարզը:
Աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ և հակադրություններով. տիպիկ բարձրլեռնային երկիր է, առավել բարձրադիրը Միջին Ասիայում: Տարածքի 90 %-ից ավելին զբաղեցնում են Թուրքեստանյան, Հիսարա-Ալայան և Զերավշանի լեռնաշղթաները, հարավ-արևելքում Պամիր լեռնային համակարգն է (բարձրությունը`   մինչև 7495մ): Երկրի տարածքի մոտ կեսն ունի ավելի քան 3 հզ. մ բարձրություն: Գլխավոր լեռնաշղթաները ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Երկրի տարածքն ունի բարձր  սեյսմիկություն: Հարթավայրերը (Վախշի, Հիսարի) զբաղեցնում են տարածքի ընդամենը 7%-ը և գտնվում են գետահովիտներում ու միջլեռնային գոգավորություններում:
 
Ընդերքում կան ածխի, նավթի, բնական գազի, գունավոր մետաղների հարուստ պաշարներ:
 
Լեռնային մակերևույթի պատճառով կլիման բարձունքային-գոտիական է. բարձրադիր գոտում ամառը զով է, ձմեռը՝ խիստ ցուրտ, ցածրադիր գոտում ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ:
 
Տաջիկստանի տարածքով են հոսում Միջին Ասիայի խոշորագույն գետերը՝ Ամուդարյան, Սիրդարյան, Զերավշանը, Փյանջը, Վախշը, Կարասուն, Աքսուն և այլն: Լճերից ամենամեծը Կարակուլն է, գործում են Հիսարյան, Դալվերզինյան, Մեծ և Հյուսիսային Ֆերգանայի տաջիկական հատվածի ոռոգման ջրանցքները:
 
Բուսածածկույթում տիրապետում են խոտերն ու կիսաթփերը: Միջին բարձրություններում շատ են ծառաթփուտները, ավելի բարձրում՝ լեռնային մարգագետինները, տափաստաններն ու անապատացած տափաստանները: 
 
Կենդանիներից տարածված են քարայծը, ջեյրանը, ընձառյուծը, եղեգնակատուն, շնագայլը, հովազը, արջը, գայլը, կոբրան, գյուրզան և այլն: Հարուստ են թռչնաշխարհը և ձկնաշխարհը: 
 
Տաջիկստանի տարածքում մ.թ.ա. 1-ին հազարամյակում առաջացել է Բակտրիա պետությունը: IX–X դարերում Տաջիկստանը մտել է Սասանյան Իրանի կազմի մեջ, և «տաջիկ» անվանումն սկսել է գործածվել ժամանակակից նշանակությամբ: Աստիճանաբար ստեղծվել է պարսկա-տաջիկական ընդհանուր մշակույթը`   ի դեմս Ռուդաքիի, Ֆիրդուսու, Իբն Սինայի, ալ Բիրունիի, Օմար Խայամի, Սաադիի, Հաֆեզի, Ս.Այնիի, Ա.Ջամիի և ուրիշների: 
 
XIII դարի սկզբներին Տաջիկստանի տարածք են ներխուժել մոնղոլ-թաթարները: XVI դարում երկիրն ընդգըրկվել է Խիվայի խանության կազմում: XVIII դարում կազմավորվել է Կոկանդի խանությունը, և XIX դարի 1-ին կեսին Տաջիկստանի տարածքը բաժանվել է Կոկանդի ու Բուխարայի խանությունների միջև: 1868թ-ին ռուսները գրավեցին Սամարղանդը, և Բուխարայի էմիրը ենթարկվեց Ռուսաստանին: 1917թ-ին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, խորհրդային իշխանություն հաստատվեց նաև ամբողջ Թուրքեստանյան երկրամասում, այդ թվում նաև Տաջիկստանի հյուսիսային շրջաններում: 1921թ-ի աշնանից մինչև 1923թ-ի ամառը տեղի ունեցան ազգայնական խմբավորումների՝ «բասմաչների» ընդվզումներ, որոնց պարտությամբ երկրամասում հաստատվեց խորհրդային իշխանություն: 
 
1924–29թթ-ին Տաջիկստանն ինքնավար հանրապետություն էր Ուզբեկական ԽՍՀ-ի (այժմ՝ Ուզբեկստան) կազմում և միայն 1929թ-ի հոկտեմբերի 16-ին վերակազմավորվեց Տաջիկական ԽՍՀ-ի, այդ կարգավիճակով էլ ընդգրկվեց ԽՍՀՄ կազմի մեջ: 
 
Տաջիկստանն անկախությունը հռչակել է 1991թ-ին: 
 
Երկրի հիմնական բնակիչները (80%) տաջիկներն են. խոսում են տաջիկերեն և դավանում մահմեդականություն (սուննի), բնակվում են նաև ուզբեկներ  (15%), ռուսներ, թաթարներ, ղրղզներ, գերմանացիներ, հրեաներ, թուրքմեններ, ղազախներ, հայեր և այլք: 
 
Խոշոր քաղաքներն են Դուշանբեն, Կուրգան Տյուբեն, Խոջենտը, Կուլյաբը, Խորոգը, Նուրեկը: 
Մայրաքաղաք Դուշանբեն գտնվում է Հիսարյան հովտում՝ Վարզոբ գետի ափին՝ այն տեղում, որտեղ  անցյալում երկուշաբթի օրերին խոշոր շուկա է գործել (տաջիկերեն «դուշանբե» նշանակում է երկուշաբթի):
 
Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև, սննդի և քիմիական արդյունաբերությունը,  գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը: Արդյունահանում է կերակրի աղ:
 
Գյուղատնտեսությանը բնորոշ են բամբակագործությունը, այգեգործությունն ու պտղաբուծությունը, մշակում են
տեխնիկական մշակաբույսեր:
 
Զարգացած է մսակաթնային անասնապահությունը, բուծում են նաև ձիեր, Արևելյան Պամիրում`   յակեր: 
 
Հայերը Տաջիկստանում
Տաջիկստանի հայ համայնքը ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին, երբ հայեր են եկել Նախիջևանից, Ղարաբաղից, Պարսկաստանից, որոնք հիմնականում արհեստավորներ, արվեստագետներ, առևտրականներ, գործարարներ, բժիշկներ էին: 1990-ական թվականներին Խորհրդային Միության փլուզումից հետո երկրում ստեղծված անկայուն քաղաքական վիճակի պատճառով հայերի մի մասն արտագաղթել է: Ներկայումս հայերի թիվը շուրջ 3 հզ. է: Դուշանբեում գործում է «Մեսրոպ Մաշտոց» հայկական մշակութային միությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: