Հանրագիտարան

Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

Տանզանիան Արևելյան Աֆրիկայում տեղակայված պետություն է: Այն բաղկացած է մայրցամաքային մասից`   Տանգանիկա ու Զանզիբար և Պեմբա ու Մաֆիա կղզիներից:
Տանզանիան արևելքից ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով: Բրիտանական համագործակցության անդամ է:
 
Երկրի մեծ մասը գտնվում է Արևելաաֆրիկական սարահարթի սահմաններում, որի արևելյան եզրն ունի կտրտված սանդղաձև ռելիեֆ՝ մի շարք լեռնազանգվածներով: Երկրաշարժամետ շրջան է: Կան հանգած (Կիլիմանջարո, բարձրությունը 5895մ) և գործող (Մերու, 4567մ) հրաբուխներ: Հնդկական օվկիանոսի ափը դաշտավայրային է՝ կտրտված գետահովիտներով և եզրավորված բուստային խութերով: Հարուստ է օգտակար հանածոներով. կան ալմաստի, ոսկու, քարածխի, երկաթի, անագի, վոլֆրամի, մագնեզիումի, գունավոր մետաղների, կորունդի, այլ թանկարժեք քարերի, ֆոսֆորիտների, ապատիտի, գրաֆիտի, շինանյութերի, կերակրի աղի, նավթի և գազի հանքավայրեր`   կենտրոնացած երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում: 
 
Կլիման հասարակածային մուսսոնային է: Չորային սեզոնի տևողությունը 5–7 ամիս է: Գետերը (Ռուֆիջի, Ռուվումա, Պանգանի և այլն) կարճ են, սահանքավոր: Երկրի տարածքում են սահմանային Տանգանիկա, Վիկտորիա, Նյասա (Մալավի) լճերը: 
Բուսածածկույթում գերակշռում են արևադարձային տերևաթափ նոսրանտառները, սավաննաները, ենթալպյան և ալպյան մարգագետինները: 
 
Չափազանց բազմազան ու հարուստ է կենդանական աշխարհը: Տարածված են փիղը, սև ռնգեղջյուրը, գետաձին, գոմեշը, այծքաղը, վագերաձին, ընձուղտը, առյուծը, ընձառյուծը, վագրակատուն, բորենին, շնագայլը, կապիկների և թռչունների (հատկապես՝ ջայլամի) շատ տեսակներ, ցեցե ճանճը և այլն: Հանդիպում են կոկորդիլոսներ, օձեր: 
 
Երկրի բնաշխարհը պահպանելու համար ստեղծվել են մի շարք հանրահայտ արգելոցներ (Գոմբե, Նգորոնգորո, Սելուս, Ռունգվա) և ազգային պարկեր (Սերենգետի, Կիլիմանջարո, Ռուախա, Տարանգիրե), որտեղ օրենքով արգելված է ոչ միայն որսորդությունը, այլև երկրագործությունը: 
 
Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը կազմավորվել է 1964թ-ի ապրիլին՝ Տանգանիկա և Զանզիբար պետությունների միավորմամբ (Տանզանիա բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից): Տանգանիկան անկախություն էր նվաճել 1961թ-ին,  Զանզիբարը՝ 1963թ-ին: Մինչ այդ, տարբեր ժամանակներում այդ երկրներում իշխել են արաբները, թուրքերը, պորտուգալացիները, հոլանդացիները, գերմանացիները, անգլիացիները: 
 
Երկրամասի բնիկները եղել են բուշմեններին ազգակից ցեղերը (հոլանդերեն «բուշմեն» բառը նշանակում է անտառի մարդ. նրանք հատկանշվում են շատ ցածր հասակով, խոսում են բուշմեներեն, նաև բանտու լեզվով): 
Ներկայումս Տանզանիայի բնակչությունը կազմում են հենց բանտու լեզուներին պատկանող ցեղերը: Բնակվում են նաև հնդիկներ, պակիստանցիներ, արաբներ և այլք: Բնակչության կեսից ավելին հետևում է տեղական հավատալիքներին, մնացածը մահմեդականներ կամ քրիստոնյաներ են: 
 
Խոշոր քաղաքներն են Դար էս Սալամը, Զանզիբարը, Տանգան, Մվանզան, Ատուշան, Մոշին, Մորոգորոն, Դոդոման:
 
Տանզանիան թույլ զարգացած գյուղատնտեսական երկիր է: Այստեղ մշակում են բամբակենի, սրճենի, թեյ, կոկոսյան արմավենի, ծխախոտ, եգիպտացորեն, ցորեն, բրինձ, կորեկ, սորգո, մանիոկ (որից նաև կաուչուկ են ստանում), բատատ, ընդավորներ, յուղատուներ, բանջարեղեն, պտուղներ, սիզալ (որից պատրաստում են ճոպաններ, ցանցեր, խոզանակներ) և մեխակ համեմունքը, որի արտահանությամբ Տանզանիան աշխարհում առաջին տեղում է: Զբաղվում են նաև անասնապահությամբ ու ձկնորսությամբ: 
 
Արդյունաբերության առաջատար ճյուղն արդյունահանող արդյունաբերությունն է (գլխավորապես՝ ալմաստի): Կան նաև ցեմենտի, նավթավերամշակման, սև մետաղի գլանվածքների, բամբակե գործվածքների, ռադիոընդունիչների հավաքման և սննդի ձեռնարկություններ: 
 
Խիստ ինքնատիպ են Տանզանիայի ժողովրդական ճարտարապետությունն ու կերպարվեստը: Գյուղերում տարածված են ուղղանկյուն, կոնաձև կամ հարթ կտուրներով կացարանները, ինչպես նաև մեծ զամբյուղի ձևով, շրջասրահով կամ կոնաձև խրճիթները: 
 
Գեղարվեստական արհեստներից առավել զարգացած է փայտի քանդակագործությունը. առանձնանում են նախնիների պաշտամունքի հետ կապված սյունաձև ձևաքանդակները, պարող կանանց արտահայտիչ արձանիկները, կենդանիների քանդակները, միագույն կամ ներկված մարդակերպ դիմակները: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: