Հանրագիտարան

Ուրան

Ուրանն սպիտակ, արծաթափայլ գույն ունեցող կռելի մետաղ է: 1789թ. գերմանացի քիմիկոս Մ. Կլապրոտը սաքսոնյան խեժահանքից առանձնացրել է դեղնավունից մինչև սև գույնի մետաղական մի նյութ և, այն համարելով ինքնուրույն տարր, անվանել է ուրան 1781թ. հայտնաբերված համանուն մոլորակի անունով:
1841թ. ֆրանսիացի քիմիկոս Է. Պելիգոն պարզեց, որ Կլապրոտի ստացած նյութը ոչ թե մաքուր ուրանն է, այլ նրա թթվածնային միացությունը (UO2) և  առաջին անգամ անջատեց մոխրապողպատավուն մետաղական ուրանը:
 
Ուրանի մանրամասն ուսումնասիրությունն սկսվել է 1896թ., երբ ֆրանսիացի ֆիզիկոս Ա. Բեքերելը հայտնագործեց ճառագայթաակտիվությունը: Նա բացահայտեց, որ անկախ արտաքին ներգործությունից, ուրանի ատոմներն արձակում են թափանցող ճառագայթներ:
 
Միաժամանակ պարզվեց, որ ճառագայթման ուժգնության առումով խեժահանքն ավելի ակտիվ է, քան մաքուր ուրանը, որի պատճառը, ինչպես ցույց տվեցին Մարի և Պիեռ Կյուրիները, նրա մեջ պարունակվող ավելի ճառագայթաակտիվ տարրերի՝ այդ ժամանակ անհայտ ռադիումի և պոլոնիումի առկայությունն է:
 
1934թ. իտալացի ֆիզիկոս Է. Ֆերմին ուրանի ատոմները նեյտրոններով ռմբակոծելիս նկատեց, որ առաջանում են նոր ճառագայթաակտիվ նյութեր, և անջատվում է հսկայական քանակության էներգիա: Հաստատվեց նաև ուրանի ատոմի ճեղքման փաստը: 1939թ. ռուս գիտնականներ Կ. Պետրժակն ու Գ. Ֆլերովը բացահայտեցին ուրանի ինքնակամ տրոհման երևույթը:
 
1930-ական թվականներին այդ խոշոր հայտնագործությունները դարձան միջուկային ֆիզիկայի զարգացման ու ատոմային էներգետիկայի ստեղծման հիմքը: Ուրանի պարունակությունը երկրակեղևում մեծ է`   մոտ 3.10-4 %, և նրա էներգիան մոտ միլիոն անգամ գերազանցում է օգտագործվող ու մինչև այժմ հետախուզված այրվող հանքաքարերի պաշարները:
 
Ուրանը բնության մեջ տարածված է շուրջ 200 հանքատեսակների ձևով: Ուրանի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում:
 
Ուրանի չնչին (10-5-10-8%) քանակություններ են պարունակվում բուսական և կենդանական հյուսվածքներում: Սնկերի ու ջրիմուռների որոշ տեսակներ ուրանի կուտակիչներ են: Ուրանը մարդու օրգանիզմ է թափանցում սննդի, ջրի հետ և արտազատվում է մեզի, կղանքի միջոցով:
 
Մարդու օրգանիզմում ուրանը կուտակվում է հիմնականում փայծաղում և մազերում: Ուրանի թունավոր ներգործությունը պայմանավորված է նրա ճառագայթաակտիվությամբ և քիմիական հատկություններով: Թունավորման հիմնական նշանները երիկամների, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի ախտահարումներն են: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: