Հանրագիտարան

Ուգանդա

Ուգանդան պետություն է, որը գտնվում է Արևելյան Աֆրիկայում: Ուգանդան Բրիտանական համագործակցության անդամ է:
Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը: Գերակշռում են 1100–1500մ բարձրության բլրավոր հարթավայրերը: Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322մ) և այլն: 
 
Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով:
 
Կլիման հասարակածային մուսսոնային է: Գլխավոր գետը Նեղոսն է, որը հատում է երկրի տարածքը հարավից հյուսիս: Ուգանդայի տարածքում են գտնվում Աֆրիկայի ամենախոշոր՝ Վիկտորիա, Մոբուտու Սեսե Սեկո, Էդուարդ լճերի մի մասը, ինչպես նաև Կիոգա, Կվանիա լճերը: Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է. կան փիղ, ռնգեղջյուր, գետաձի, գոմեշ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, կապիկ: Շատ են թռչուններն ու սողունները: Նրանց պահպանության համար ստեղծվել են ազգային պարկեր: 
 
14-րդ դարում Ուգանդայի տարածքում ստեղծվել է Բուգանդա պետությունը, որը 1890-ական թթ. եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ և կոչվել Ուգանդա: Անկախություն է ձեռք բերել 1962 թ-ի հոկտեմբերի 2-ին:
 
Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ: 
Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն:
 
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ:
 
Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը:
 
Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում: 20-րդ դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: