Հանրագիտարան

Քենիայի Հանրապետություն

Քենիան Արևելյան Աֆրիկայում գտնվող պետություն է: Այն նաև Բրիտանական համագործակցության անդամ է: Հարավ-արևելքում ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:

Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթը, որը դեպի արևելք աստիճանաբար իջնում է և վերածվում առափնյա դաշտավայրի: Սարահարթի կենտրոնական մասը խիստ կտրտված է: Կան  բարձր լեռներով (Աբերդեր, Մաու, Էլգեյո) և հրաբուխներով (Քենիա՝ 5199մ, երկրի ամենաբարձր կետը)  շրջապատված իջվածքներ:
Ընդերքում կան հազվագյուտ մետաղների, բազմամետաղների և ոսկու հանքավայրեր:

Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Տանան և Գալանան, իջվածքներում են Ռուդոլֆ, Բարինգո, Նակուրու, Նաիվաշա, Մագադի լճերը: Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է, ստեղծված են Մաունթ, Քենիա, Ցավո, Սիբիլոն, Մերու, Աբերդեր ազգային պարկերը, մի քանի ծովային ազգային պարկեր ու արգելոցներ, որոնք վայրի բնության պահպանության լավագույն վայրերից են:

Քենիայի տարածքը  16-րդ դարից  պարբերաբար զավթել են պորտուգալացիներն ու արաբները, XIX դարում սկսվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներթափանցումն այնտեղ: 1895 թ. դարձել է բրիտանական տիրույթ, 1920 թ-ից`   Մեծ Բրիտանիայի գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1963 թ.:

Երկրի բնակչության 98 %-ը աֆրիկյան ժողովուրդներ են`   կիկույյու, լաո, լահյա, կոմբա, բնակվում են նաև եվրոպացիներ, հնդիկներ և այլք:

Խոշոր քաղաքներն են Նայրոբին, Մոմբասան, Նակուրուն, Կիսումուն:

Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը: Կան նաև կարի, կաշվի, քիմիական, մետաղամշակման ձեռնարկություններ:

Առավել զարգացած է գյուղատնտեսությունը: Մշակում են սրճենի, թեյ, սիզալ,եգիպտացորեն, գարի, սորգո և այլն: Զբաղվում են անասնապահությամբ ու ձկնորսությամբ:

Գյուղական բնակավայրերին բնորոշ են կավով բոլորածեփված, շրջանաձև խրճիթները, քաղաքներին՝ ժամանակակից ոճի շինությունները:

Գեղարվեստական արհեստներից զարգացած են փայտի քանդակազարդումը, կավե ամանների, դդումե անոթների, ծղոտե կողովների, ուլունքազարդերի պատրաստումը:
 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: