Հանրագիտարան

Ֆլամինգոներ

Ֆլամինգոները տարածված են Ասիայի,Հարավարևմտյան Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում:

Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն, որն աշնանային չվահյուր է: ՀՀ-ում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում: 1933թ. ՀՀ-ում հայտնի է ֆլամինգոյի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից): ՀՀ տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտասարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95թթ., ապա՝ 2000–02թթ.:

Մարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ: Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը: Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով: Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված: Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր:
Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով: Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետնակերպներով:
 
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: