Հանրագիտարան

Ֆիրդուսի Աբուլղասիմ

Ֆիրդուսին համարվում է Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի ազգային բանաստեղծ, ով «Շահնամե» էպոսի հեղինակն է: Աբուլղասիմ Ֆիրդուսու (իսկական անուն-ազգանունը՝ Հակիմ Աբուլղասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Թուսի. «Ֆիրդուսին» պարսկերեն է. նշանակում է դրախտային) մանկության և պատանեկության մասին շատ քիչ տեղեկություններ են մեզ հսաել: Նա ստացել է լավ կրթություն. տիրապետել է նոր պարսկերենին, արաբերենին, իմացել է նաև հին պարսկերեն:

976 թ. թագավորական պալատի պատվերով շարունակել է գրել «Շահնամե» («Արքայապատում») պոեմը, որն սկսել էր վաղամեռիկ բանաստեղծ Դաղիղին: «Շահնամեում» նկարագրվում է Իրանի պատմությունը հնագույն շրջանից մինչև Խոսրով 2-րդ շահի ժամանակները՝ մինչև մահմեդականության ներթափանցումը երկիր (VII դար): Առաջին տարբերակն ավարտել է 994թ., իսկ երկրորդը՝ 1010թ.: 

Պոեմը կազմված է 50 «թագավորություններից» (փադիշահ), «թագավորությունները»՝ մեծ ասքերից (դաստաներից)՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար բեյթ: Էպոսի ամենանշանավոր դաստաներից են՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ», «Իսֆենդիարի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Իսֆենդիար» և այլն: 
 
Պոեմը պայմանականորեն ընդունված է բաժանել 3 մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական: Դիցաբանական մասում ներառված են իրանական հնագույն առասպելները և տիեզերագիտական պատկերացումները, դյուցազնական մասում՝ իրանական ժողովրդի ձգտումները մարմնավորող հերոսների կյանքի պատմությունները, որոնցից ամենասիրվածը Ռոստամն է, իսկ պատմական մասում շարադրված են պատմական իրադարձություններն ու դեպքերը: 
 
«Շահնամեում» արտացոլված է Բարու և Չարի պայքարի գաղափարը, որը հաճախ դրսևորվում է արդարության ու անարդարության հակադրությամբ. այն ներկայացված է Իրանի (Բարու աղբյուր) և Թուրանի (Չարի կրող) անընդմեջ կռիվների գեղարվեստական պատկերներում և արդարամիտ, իդեալական տիրակալի վերաբերյալ Ֆիրդուսու գաղափարները մարմնավորող կերպարներում: Ֆիրդուսին անսահման սիրով է պատկերել հայրենի երկիրը՝ Իրանը, նրա բնությունը, հասարակ ժողովրդին, որի նկատմամբ համակրանքն արտահայտում է հատկապես ժողովրդական ապստամբությունների նկարագրությունների մեջ: Ֆիրդուսին գովերգել է բանականությունը՝ այն համարելով մարդուն տրված բարձրագույն պարգև, հաղթության ու անմահության մեծ երաշխիք: Օգտագործելով թե՜ բանավոր ավանդությունները, թե՜ գրավոր աղբյուրները՝ Ֆիրդուսին գրել է դրամատիկական գործողություններով հարուստ պոեմ, որտեղ հերոսները պատմական անձեր են՝ յուրաքանչյուրն իր մտածելակերպով, փիլիսոփայական ընկալումներով: Էպոսն աչքի է ընկնում խոսքի արտասովոր արտահայտչականությամբ, կերպարների վառ անհատականությամբ:
 
Բանաստեղծի լեզուն հարուստ է մակդիրներով ու համեմատություններով:
«Շահնամեի» պատմական մասում հայերի մասին կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք առնչվում են V–VII դարերի իրադարձություններին: Ֆիրդուսին սիրով պատմում է V դարի հայ զորավար Մուշեղ Մամիկոնյանի քաջագործությունների մասին. 
 
Հայ Մուշեղն իր հետ ուներ 
մեծ աշխարհազոր բանակ, 
Իր մեծության անհավասար՝ 
ոսկի, գանձեր անքանակ:
 
Մեծ է «Շահնամեի» ազդեցությունը ոչ միայն պարսկական ու տաջիկական, այլև Արևելքի շատ ժողովուրդների գրականությունների զարգացման վրա:
Պոեմի առանձին մասեր թարգմանել են Սերգեյ Ումառյանը, Գևորգ Ասատուրը, Հրաչյա Աճառյանը, Զորայր Միրզայանը, Միհրդատ Թիրյաքյանը և ուրիշներ:
Ֆիրդուսուն են վերագրել մի քանի քնարական բանաստեղծություններ և Ղուրանի թեմայով գրված «Յուսուպ և Զուլեյկա» պոեմը:
 
1934թ-ին Ֆիրդուսու գերեզմանի վրա կառուցվել է դամբարան: Տաջիկստանում նրա անունով կոչվել են ազգային գրադարանը և փողոց, Իրանում՝ համալսարան, Երևանում՝ փողոց: 
Նկարահանվել են «Ասք Ռոստամի մասին» (1971թ.), «Ռոստամ և Սոհրաբ» (1972թ.), «Ասք Սիավուշի մասին» (1977թ.) կինոնկարները (երեքն էլ՝ ըստ Ֆիրդուսու «Շահնամեի», ռեժիսոր՝ Բենսիոն Կիմյագարով):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: