Հանրագիտարան

Անգղեր

Անգղերը ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են, որոնք բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական: Հայտնի է իսկական անգղերի 14 տեսակ, որոնք առավել տարածված են Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում:
ՀՀ-ում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը: Անգղերն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում: Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում:
 
Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա: Օդում ճախրելիս, հաճախ`   մի քանի կիլոմետր բարձրությունից, նրանք սրատես աչքերով ուշադիր զննում են իրենց տիրույթները և լեշը նկատելուն պես անմիջապես իջնում վրան: 
 
Անգղերը հիմնականում սնվում են լեշով, բացառությամբ արմավենային անգղի, որը սնվում է պտուղներով: Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թըռչուններին և քանդել նրանց բները: Սև անգղն ու սպիտակագլուխ անգղը պաշտպանության կարիք ունեն և գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: