Հանրագիտարան

Այծյամ

Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է, որն առավել տարածված է Եվրոպայում և Ասիայում: Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները:
Մարմինը համեմատաբար կարճ է`   երկարությունը՝ մինչև 140 սմ, բարձրությունը՝ 90 սմ, կենդանի զանգվածը՝ 55–60 կգ: Վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով: Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ: Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով: Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը: Սիրում է նաև առափնյա եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները:
 
Ամռանն արածում է առավոտյան, երեկոյան ու գիշերը, իսկ ցերեկվա շոգին թաքնվում է ստվերում և հանգստանում: Ցուրտ օրերին կեր է որոնում օրվա ցանկացած ժամի: Շատ լավ լողում է: Առատ ձյան ժամանակ դուրս է գալիս ճանապարհի վրա: Ունի սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Արուն ունի եղջյուրներ, որոնք սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դրանց աճը դադարում է: Սկզբում եղջյուրն ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից սկսում են աճել նոր՝ ճյուղավորված եղջյուրներ:
 
Բազմացման շրջանում, որը սկսվում է ամռան երկրորդ կեսից, էգի համար արուների միջև տեղի է ունենում կատաղի պայքար և շատ հաճախ ավարտվում է փոխադարձ վնասվածքներով: Մայիսին մայր այծյամն ունենում է 2–3 ձագ: Առաջին օրերին ձագերը մնում են թավուտում՝ խոտերի մեջ պառկած, իսկ հետո ոտքի են կանգնում և գնում մոր հետևից: 2 շաբաթ անց փոքրիկները կարող են իրենց մոր նման արագ վազել: Մայր այծյամը հոգատար է ձագուկների նկատմամբ: Նրանց կաթով կերակրում է 6–8 ամիս, մինչև կարողանան ինքնուրույն սնվել: Ձագերը մոր հետ շրջում են մինչև հաջորդ գարնանը նոր ձագերի հայտնվելը:
 
Ամռանը հասուն այծյամը թափառում է միայնակ, աշնանը նրանք միավորվում են խառը (արուներ, էգեր, ձագեր) խմբերում (20–30, երբեմն՝ 50–100 այծյամ): Հայաստանի պայմաններում խմբերը փոքր են լինում:
Այծյամի ձագերը հեշտ ընտելացող, հեզ արարածներ են. որսորդներն ու անտառապահները երբեմն նրանց բռնում և պահում են տանը:
 
Որսորդներն այծյամներին հետապնդում են համեղ մսի, գեղեցիկ մորթու և եղջյուրների համար: Այծյամներին հալածում են վայրի գազանները՝ գայլը (նրանց հիմնական թշնամին է), աղվեսը, անտառային կատուն, լուսանը, թափառող շները: Ձագերը հաճախ դառնում են արծվի, ցինի, անգղի և բվեճի որս: Այծյամների կյանքի տևողությունը 16 տարի է:
Այծյամը Հայաստանի բնության սքանչելի զարդերից է. նրան պահպանելը բոլորիս պարտքն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: