Հանրագիտարան

Աղթամարի վանք

Աղթամարի վանքը միջնադարյան հոգևոր-մշակութային կենտրոն է, որը կաթողիկոսանիստ է եղել 1113–1895 թթ.-ին : Վանքի գլխավոր կառույցը Սբ. Խաչ եկեղեցին է (կառուցվել է 915–921 թթ.-ին), որն իր բարձրարվեստ քանդակներով և հորինվածքի կատարելությամբ հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի կառույցներից է:
Աղթամար կղզին (մոտ 0,7 կմ2 տարածքով) գտնվում է Վանա լճի հարավարևելյան մասում՝ ցամաքից 3–3,5 կմ հեռավորությամբ: Բնակելի է եղել հնագույն ժամանակներից. պահպանվել են մինչուրարտական կիկլոպյան շարվածքով պարսպապատերի հետքեր: IV դարում կղզում եղել է Ռշտունի տոհմի ամրոցը: VII դարում այն Թեոդորոս Ռշտունու ռազմական հենակետն էր հակաարաբական կռիվներում: X դարում Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորն Աղթամարում մեծ շինարարություն է ծավալել՝ այն դարձնելով անառիկ բերդ-քաղաք՝ Արծրունյաց թագավորության վարչական ու հոգևոր-մշակութային կենտրոն: Գագիկ արքայի հրամանով`   կղզու հարավային ծովեզրին վիմաքարերով կառուցել են ծովից 2,6 մ բարձրությամբ արհեստական ամբարտակ և ծովածոց՝ իր նավահանգստով (այժմ ծածկված է ջրով): Այդ ամենն ամրացվել է 554 մ երկարությամբ բարձրաբերձ, լայնանիստ բուրգեր, բարձր աշտարակներ և հուսալի դարպասներ ունեցող պարսպով: Կղզու ամենաբարձր վայրում կառուցվել է պարըսպապատ միջնաբերդը (ապարանքներով, պարտեզներով, փողոցներով, օժանդակ շինություններով) և քաղաքի ճարտարապետական համակառույցում գերիշխող քառակուսի հատակագծով պալատը (ճարտարապետ`   Մանուել):
 
Քաղաքի կառույցներից պահպանվել է միայն պալատական եկեղեցին՝ Սբ Խաչը (ճարտարապետ`   Մանուել)`   քառախորան, խաչաձև գմբեթավոր հորինվածքով, սրածայր վեղարով, 16-նիստանի թմբուկով, մուտքերը՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից: Եկեղեցին ունեցել է արծաթազօծ դռներ, թագավորանիստ օթյակ: Պատերը  ողջ պարագծով դրսից շրջառում են պատկերաքանդակների 6 գոտի (Հին ու Նոր կտակարանների թեմաներով, բուսական, կենդանական քանդակներ և զարդաքանդակներ, տոհմանշաններ, զինանշաններ, դիմաքանդակներ և այլն): Ճարտարապետության ու քանդակագործության օրգանական համադրմամբ առանձնանում է արևմտյան ճակատը, որի հորինվածքի կենտրոնում Գագիկ արքան է`   եկեղեցու մանրակերտը ձեռքին, դիմացը՝ Փրկիչը`   օրհնական աջով: 
 
Բարձրարվեստ է նաև եկեղեցու զարդանկարներով և ավետարանական թեմաներով որմնանկարչությունը, որն իր պատկերագրական համակարգով զգալիորեն նախորդել է Արևմուտքին: XIII դարում եկեղեցու շուրջը կառուցվել են մատուռներ, 1763 թ.-ին՝ գավիթ, XIX դարում՝ հարավային ճակատին կից քառամույթ նախամուտք-զանգակատուն:
 
Աղթամարի գրչության կենտրոնում են գործել գրիչներ Զաքարիա Աղթամարցին, Դանիելը, Թովմա Մինասենցը, Ներսես և Ստեփանոս եղբայրները, Գրիգորիս Աղթամարցին և ուրիշներ: Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ պատմագրական երկեր, նկարազարդ ավետարաններ, մաշտոցներ, հայսմավուրքներ, տաղարաններ և այլն:
1917 թ.-ին Աղթամարի վանքը լքվել է և ամայացել: 2007 թ.-ին թուրքական կառավարության աջակցությամբ Սբ Խաչ եկեղեցին նորոգվել է և վերածվել թանգարանի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: