Հանրագիտարան

Ալյումին

Ալյումինն սպիտակ, արծաթափայլ, փափուկ, դյուրահալ մետաղ է, որի միացությունները հայտնի են վաղ անցյալից: Դեռևս մ. թ. ա. I դարում ալյումինե պաղլեղներն օգտագործվում էին Եգիպտոսում որպես կապակցող և աղաղող նյութեր:
Հին հույներն ալյումինե պաղլեղներն անվանել են «alumen», որտեղից էլ ծագել է ալյումին անվանումը: 1754թ.-ին գերմանացի քիմիկոս Ա. Մարգրաֆը պաղլեղներից անջատել է անգույն «պաղլեղային հող» (այդ պատճառով ալյումինը հայերեն անվանել են նաև «պաղլեղածին»), որն ավելի ուշ հայտնաբերվել է նաև կավի մեջ և կոչվել «արզնահող»:
 
Մետաղական ալյումինն առաջին անգամ ստացել է դանիացի ֆիզիկոս Հ. Էրստեդը 1825թ.-ին: Արդեն 1855թ.-ին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվել են ալյումինի փոքր ձուլակտորներ: Այդ ժամանակաշրջանում ալյումինը ոսկուց շատ քիչ էր էժան և օգտագործվում էր միայն զարդեր պատրաստելու համար:
 
Ալյումինի պարունակությունը երկրակեղևում 8,8% է (ըստ զանգվածի): Տարածվածությամբ այն երրորդ տարրն է (թթվածնից ու սիլիցիումից հետո), մետաղներից՝ ամենատարածվածը: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում:
 
Կարևոր բնական միացություններից են ալյումինասիլիկատները, բոքսիտները, ալունիտը, նեֆելինները, կորունդը, կրիոլիտը: Կորունդը բյուրեղական Al2O3 միներալն է: կարմիր կորունդը կոչվում է սուտակ, կապույտը՝ շափյուղա: Դրանք կիսաթանկարժեք քարեր են:
 
Ալյումինը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է: Պլաստիկության շնորհիվ կռելի է և հեշտ գլանվում է անգամ սառը վիճակում: Նրանից կարելի է գլանել շատ բարակ փայլաթիթեղ («արծաթե թուղթ») և ձգել բարակ լար:
 
Խառնուրդները մեծացնում են ալյումինի կարծրությունը, փոքրացնում քիմիական կայունությունը, ջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունը: Ալյումինը քիմիապես ակտիվ տարր է: Օդում օքսիդանում է և պատվում օքսիդի կայուն պաշտպանիչ թաղանթով, որը խանգարում է ալյումինի հետագա օքսիդացմանը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: