Հանրագիտարան

Ոզնիներ

Ոզնիները մանր ու միջին մեծության կենդանիներ են: Նրանց մեծ մասի թաթերը հնգամատ են, որոնց ճանկերը լավ զարգացած են, ականջները մեծ են կամ թերաճ, որոշ տեսակների դունչը ձգված է, կնճիթաձև և շարժունակ: Նրանց ատամները թույլ են տարբերակված:
Ոզնին ասես գլորվում է գետնի վրայով`   իր շարժուն քթով հոտոտելով այն ամենը, ինչ կարելի է ուտել՝ միջատներ ու նրանց թրթուրները, խխունջներ և այլ փափկամարմիններ: Ուտում է նաև սնկեր, հատապտուղներ, խոտ, երբեմն էլ՝ գորտեր, մկներ՝ քանդելով վերջիններիս բները: Ոզնու տեսողությունը թույլ չէ, բայց նրա գլխավոր կողմնորոշիչը քիթն է: Ոզնին գիշերային կյանք է վարում և՜ բնության մեջ, և՜ բնակարանում:
 
Ոզնիներին բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը: Հասուն ոզնին ունենում է 2–4 սմ երկարությամբ և 1 մմ հաստությամբ մինչև 16 հզ. փուշ: Մերկ ձեռքերով նրան չես բռնի, իսկույն կծկվում, փշե գունդ է դառնում, դրա համար էլ կենդանիների մեծամասնությունը գերադասում է ոզնիներին հանգիստ թողնել: Սակայն ոզնիները հեշտությամբ ընտելացվում են, դադարում են կծկվել, և ահա այդ ժամանակ կարելի է տեսնել ճակատին ցցված կարճ մազերի տակից նայող հետաքրքրասեր աչքերն ու փայլուն քթով երկար դնչիկը: Ոզնու կենդանի զանգվածը հասնում է 1 կգ-ի, երկարությունը՝ 30 սմ-ի: Նրա նորածին ձագերը փափուկ են, չծակող, կույր ու անօգնական և կշռում են ընդամենը 12–25 գ: Ծնվելուց 2 շաբաթ անց նրանց աչքերը բացվում են: Այդ ընթացքում փշերն արդեն կոշտացած են լինում՝ գունավորված մուգ ու բաց երանգների զոլերով: Մինչև 2 ամսական դառնալը նրանք «զբոսնում են» մոր հետ: 3–4-շաբաթական ձագերը կարող են արդեն ինքնուրույն սնվել:
 
Աշնանը ոզնին մի մեկուսի տեղ չոր տերևներ ու խոտ է հավաքում և ամբողջ ձմեռ կծիկ դարձած քնում. այդ ընթացքում նրա մարմնի ջերմաստիճանը երբեմն իջնում է մինչև 6օC: Բայց խիստ սառնամանիքներին ոզնին ստիպված է լինում արթնանալ և «տաքանալ»`   ծախսելով աշնանից կուտակած ճարպի պաշարը: Այդ պատճառով էլ սառնամանիքները ոզնու համար սարսափելի չեն:
 
Ոզնիները շատ օգտակար են. ոչընչացնում են վնասակար միջատներին և դաշտամկներին: Այն տանը, որտեղ ոզնի կա, մկներ չեն լինում: Ուստի նրանց պետք է պաշտպանել: 
Ոզնիները տարածված են ՀՀ մի շարք մարզերում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: