Առողջապահություն

Որքան ջուր է անհրաժեշտ նորածին երեխային

Շատ երիտասարդ մայրեր ծննդատնից դուրս գրվելուց հետո իրենց շատ անվստահ են զգում և չգիտեն, թե ինչպես պետք է խնամել նորածնին: Ինչ որ խորհուրդներ, իհարկե, տալիս են և´ ծննդատանը, և´ փորձառու հարազատներն ու ընկերուհիները, սակայն յուրաքանչյուրն ինքն է ստիպված լինում հենվել սեփական փորձի վրա:

Երկար տարիներ մանկաբույժները համոզված էին, որ նորածինները խմելու ջրի կարիք ունեն հենց ծնվելու օրվանից`   միաժամանակ հաշվի չառնելով այն փաստը, թե ինչպես է սնուցվում նորածինը: Բժիշկներն ընդհանրապես տարբերություն չէին դնում կրծքով և կաթնային արհեստական խառնուրդներով սնուցվող երեխաների միջև: Ներկայումս նորածինների սնուցման կարգն արմատապես փոխվել է:

 

Ամբողջ աշխարհում այժմ կարծում են, որ երեխային մինչև 6 ամսական հասակը լրացուցիչ ջուր պետք չէ այն դեպքում, երբ նա կրծքով է կերակրվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նույնպես չեն հանձնարարում մինչև 6 ամսական երեխաներին ջուր տալ`   ընդգծելով, որ կրծքի կաթը լրացնում է ինչպես օգտակար նյութերի, այնպես էլ հեղուկի անհրաժեշտ պահուստները:
 
Դրա հետ մեկտեղ նրանք նշում են, որ այն նորածիններին, ովքեր արհեստական կաթնախառնուրդներով են կերակրվում, անհրաժեշտ է սենյակային ջերմության մաքուր ջուր տալ հիմնական սննդի ընդունման միջև ընկած ժամանակամիջոցում: Իսկ եթե երեխան հրաժարվում է ջուր խմելուց, ապա չի կարելի նրան ստիպել: 
 
Վերոնշյալը ճիշտ է միայն այն նորածինների համար, որոնց առողջությունը ոչ մի կասկած չի հարուցում: Եթե երեխան որևէ հիվանդություն ունի, պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ այն հարցի շուրջ, թե արժե՞ արդյոք նրան լրացուցիչ ջուր տալ: 
 
Կրծքով սնուցվող երեխաների մոտ լրացուցիչ հեղուկի անհրաժեշտության բացակայությունը պայմանավորված է մայրական կաթի՝ օգտակար նյութերով հագեցած լինելով: Առաջին կաթը մոտ 87%-ով կազմված է ջրից:  
 
Ստացվում է, որ  կերակրման ժամանակ նորածինն սկզբում խմում է ջուր, իսկ հետո  կաթ`   ստանալով անհրաժեշտ քանակությամբ օգտակար նյութեր ու ճարպեր: Դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալը՝ այն դեպքում, երբ երեխան ջուր է ուզում, պետք է պարզապես նրան նորից կրծքով կերակրել: Դա բավական է, որ նա ծարավը հագեցնի:
 
Հարկ է նշել, որ նորածնին ոչ ճիշտ կերակրելը, հատկապես՝ լրացուցիչ ջուր տալը, կարող է հանգեցնել կնոջ կաթի նվազմանը, որն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա երեխայի առողջության վրա: Մասնագետները նշում են նաև, որ երեխային չի կարելի ջուր տալ մինչև կերակրելը: Այդ դեպքում նրա քաղցածության զգացումը լրացվում է ջրով, և նորածինն ավելի քիչ է ուտում, քան իրականում անհրաժեշտ է:
 
Չի կարելի մոռանալ նաև այն մասին, որ «մայրական ջուրն» ավելի օգտակար է ծորակի ջրից: Կաթի մեջ պարունակվող հեղուկն ամբողջովին զուրկ է աղերից, այն նշանակալիորեն փափուկ է սովորական ջրից և ունի մի շարք առանձնահատկություններ: Դա թույլ է տալիս հանել ոչ պիտանի ծանրաբեռնվածությունը նորածնի երիկամներից, որոնք դեռ բավականաչափ ամրացած չեն:
 
Չմոռանանք նաև այն մասին, որ մայրական կաթի շնորհիվ  նորածնի աղիներում զարգանում է անհրաժեշտ միկրոֆլորա: Իսկ ահա ավելորդ՝ «կողմնակի» ջուրը կարող է հանգեցնել գործընթացի խանգարման, ինչի հետևանքով երեխան կարող է տառապել դիսբակտերիոզով:
 
  Հեղինակ՝ Ն.Ա.
  Սկզբնաղբյուր՝ Առողջապահության լրատու 16-17.2012
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: