Առողջապահություն

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Բացառապես ընտրյալների շարքին դասվող դեղորայքը կատարելություն է՝ «կախարդական գնդակ». ճիշտ նշանառության տակ է առնում հիվանդ տեղը և չի վնասում առողջ հյուսվածքները: Իրական կյանքում, սակայն, դեղորայքի մեծ մասը «մանրագնդակային կրակոց» է, որը «հարվածում» է ավելի մեծ մակերեսների:
Կողմնակի ազդեցությունների մեծ մասը թույլ արտահայտված է լինում և վերանում է դեղորայքի ընդունումը դադարեցնելուց կամ չափաքանակը նվազեցնելուց հետո, սակայն կան այնպիսիք, որոնք կարող են էական վնաս հասցնել:
 
Կողմնակի ազդեցությունները կարող են լինել ուղղակի (օրինակ՝ լորձաթաղանթի գրգռում) կամ կողմնակի (օրինակ՝ վիտամինների անբավարարություն հակաբիոտիկներով մարդու բնական միկրոֆլորայի ընկճման դեպքում): Նման արդյունքներ կարող են առաջանալ ցանկացած դեղամիջոց ընդունելիս:
 
Երբ դեղորայքն ընդունվում է բերանով, դրա ազդեցությունն առաջինը լինում է ստամոքսաաղիքային ուղու վրա: Նման դեպքերում կողմնակի ազդեցություններ կարող են լինել ատամների էմալի քայքայումը, ստոմատիտը, ստամոքսաաղիքային ուղու խանգարումները:
 
Որոշ դեղամիջոցներ կարող են խթանել աղաթթվի արտազատումը, դանդաղեցնել պաշտպանիչ լորձի արտադրությունը կամ ստամոքսի լորձաթաղանթի բնական վերականգնման պրոցեսը, որը նախադրյալներ է ստեղծում խոցերի ձևավորման համար:
 
Դեղորայքից ավելի հաճախ տուժում է լյարդը: Հենց դա է իր վրա ընդունում առաջին հարվածը, և հատկապես լյարդում է կուտակվում և կենսաձևափոխման ենթարկվում դեղամիջոցների մեծ մասը: Լյարդի համար բարդություններ են առաջացնում այն պատրաստուկները, որոնք պարունակում են մկնդեղ, սնդիկ, ինչպես նաև որոշ հակաբիոտիկներ և այլն:
 
Երիկամները նույնպես ենթարկվում են դեղորայքային անցանկալի ազդեցության: Երիկամների միջոցով են օրգանիզմից դուրս գալիս դեղպատրաստուկների շատ տարրեր`   չփոփոխված կամ որոշ փոփոխություններից հետո:
 
Երիկամներում նման նյութերի կուտակումը հիմք է ծառայում այդ օրգանի վրա թունավոր ազդեցության համար: Այդպիսի ազդեցություն ունեն որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, անոթանեղացնող պատրաստուկներ:
 
Նյարդային բջիջները ևս զգայուն են քիմիական նյութերի հանդեպ, այդ պատճառով էլ դեղորայքը, որը թափանցում է կենտրոնական նյարդային համակարգն արյունից առանձնացնող պատնեշի միջով, կարող է գլխացավ, գլխապտույտ, արգելակում, աշխատունակության խանգարում առաջացնել:
 
Հեղինակ`   Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր՝ Առողջապահության լրատու
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: