Հանրագիտարան

Հողի օր

Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը: Այս օրը, ըստ ավանդության՝ հողը հանգստանում է: Չի կարելի անհանգստացնել հողին՝ վարել, ցանել, փորել: Տարբեր ազգերի մոտ կատարվում են ծիսակատարություններ: Հողն օրհնվում է և փառաբանվում:

Հողը երկրակեղևի վերին փխրուն շերտն է: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ): Դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջուր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և, իհարկե, մարդը:

 

Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության հիմնական արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից:

 

Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը: ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է: 1 շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով (0,4 հա) ՀՀ-ն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:

 

Աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀՀ-ում, խոշորագույն վտանգ է հողերի անապատացումը, որի գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում): Հաշվարկված է, որ անապատացումն ընդգրկել է 900 մլն հա և սպառնում է ևս 300 մլն հա տարածքների (այս տարածքը կազմում է հողային ֆոնդի 7 %-ը):
 
Անապատացման կանխումը հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համատեղ ջանքերով: 1994թ-.ին ընդունվել է «Անապատացման դեմ պայքարի» միջազգային համաձայնագիրը (ներկայումս անդամակցում է 180 երկիր, այդ թվում`   ՀՀ-ն), որի իրականացումը հնարավորություն կտա կանխելու այդ վտանգավոր երևույթի հետագա տարածումը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: