Հանրագիտարան

Ազատ

Ազատը գետ է Հայաստանի Հանրապետության Արարատի և Կոտայքի մարզերում (գլխավորապես ընկած է Արարատի մարզում):

Երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից: Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛: Սկզբում`   մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ`   անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով: Վերին հոսանքի այս հատվածը`   մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև`   մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի: Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ`   ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են): Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք`   սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով:
 

Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ: Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը: Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛: Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%): Ձրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը: Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 մլն մ³: Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում: Ձրերը մասամբ օգտագործվում գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով:
 

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթն գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: