Հանրագիտարան

Օլթի

Օլթի քաղաքը հաճախ հիշատակվում է նաև իբրև սովորական ավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք։ Հնում հայտնի էր Ողթիք, Ուխթիք, Ուխտյաց քաղաք անուններով, որ հետագայում ձևափոխվելով դարձել է Օլթի:

Գտնվում է Ճորոխի աջակողմյան վտակ Օլթի գետի ափին, ռուս- թուրքական 1914 թ. սահմանի մոտ, շրջապատված կանաչապատ լեռներով ու բլուրներով։ Կլիման համեմատաբար մեղմ է, խոնավ, հարուստ է ջրերով։ Շրջակայքում տարածված էին ընդարձակ այգիներ։ Քաղաքի մոտակայքում կան բնական շինանյութեր, զանազան հանքային հարստություններ ու ջերմուկներ։

Օլթիի հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակում են Դրասխանակերտցին, Ասողիկը, Լաստիվերտցին։ Սակայն անկասկած է, որ այն գոյություն ունի հին ժամանակներից։ Արշակունիների (III— V դդ.), մարզպանների (V—VII դդ.) և արաբական խալիֆայության տիրապետության սկզբնական շրջանում (VII—VIII դարերում) Ուխթիք-Օլթին Ոքաղե (ըստ ոմանց՝ Պարտիզացփոր) գավառի (որի կենտրոնն էր այն) և Տայք աշխարհի մյուս գավառների հետ միասին պատկանում էր Մամիկոնյան նախարարական տանը, իսկ դրանից հետո, երբ Մամիկոնյան տունը Հայաստանի նախարարական մի շարք այլ տների հետ միասին 772 — 775 թվականների ապստամբությունից հետո մեծ հարված ստացավ խալիֆայության կողմից և կորցրեց իր նախկին նշանակությունը, նրա Տայքի տիրույթներն ամբողջությամբ անցան Բագրատունիներին։ Վերջիններս և նրանց տոհմակիվ վրաց Բագրատունիները Տայքում հիմնադրել են մի ընդարձակ իշխանություն՝ կյուրապաղատություն, որը սկզբնական շրջանում գտնվում էր Բյուզանդիայի «հովանավորության» տակ, իսկ հետագայում՝ 1000 թվականին, ուղղակի կցվում է կայսրությանը իբրև նրա բաղկացուցիչ մասը։
 
Սելջուկ-թուրքերի (XI—XII դդ.), մոնղոլների (XIII—XIV դդ.), թուրքմենական ցեղերի (XV դ.) և XVI դարից այստեղ հաստատված թուրքական տիրապետության օրոք Օլթին մի քանի անգամ ավերվել և անցել է ձեռքից ձեռք։ Նա զարգացման համար չուներ նպաստավոր նախապայման և շարունակում էր մնալ որպես հետամնաց գավառական տիպի փոքր քաղաք։
 
Օլթիում տնտեսական ու մշակութային կյանքը որոշակի աշխուժացում է ապրում 1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ այն Կարսի մարզի մյուս գավառների հետ միասին միացվում է Ռուսաստանին։ 1878 — 1915 թվականներին այն Կարսի մարզի Օլթիի օկրուգի կենտրոնն էր և բավական մեծ նշանակություն էր ստացել ոչ միայն ստրատեգիական, այլև տնտեսական առումով։ Սակայն աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օլթին նորից է անցնում Թուրքիային, մնալով թուրքական տիրապետության տակ։ Մինչև XIX դարը Օլթիի բնակչության քանակի վերաբերյալ հիշատակություններ ընդհանրապես չկան, իսկ այդ և հաջորդ՝ XX դարի առաջին քառորդի վիճակագրական և այլ կարգի տվյալները հակասական են ու մեծապես իրարից տարբերվում են։ Համեմատաբար ավելի արժանահավատ աղբյուրներն ու վիճակագրական տվյալները թույլ են տալիս, այնուամենայնիվ, նշել, որ XIX դարի 40-ական թվականներին Օլթին ունեցել է 142 տուն, 60-ական թվականներին՝ 350 տուն, 1873-ին՝ 550, 1878-ին՝ 1095, որից 1000 տունը հայկական էր (իսկ սրանից մոտ 200-ը բնիկ էին, 800-ը՝ վերաբնակիչներ, որոնք այստեղ էին եկել 1877—78 թթ. պատերազմի ժամանակ), 1878 թ. քաղաքի տեղացի բնակչության թիվը հասնում էր 1400 մարդու, 1897-ին՝ 2373, իսկ 1914 թվականին՝ 3258 մարդու, որից հայեր՝ 2188, կազմելով քաղաքի ամբողջ բնակչության 67,2%-ը։ Նրա բնակչության մյուս հատվածը կազմում էին թուրքերը։ Օլթիի հայ բնակչությունը նյութական հսկայական կորուստներ է ունեցել առաջին հասաշխարհային պատերազմի տարիներին, մոտավոր հաշիվներով նրանք կրել են 1500000 ոուբլու վնաս: Սակայն այդ ոչինչ, մի կերպ կարելի էր տանել, եթե դրան չհաջորդեին զանգվածային կոտորածները և բռնի տեղահանություններր։ Օլթիի հայ բնակչության մեծ մասը 1918 թ. զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մի կերպ փրկվածները արտագաղթեցին զանազան կողմեր։
 
Օլթին տիպիկ գյուղաքաղաք էր։ Նրա բնակչության զբաղմունքները կազմում էին գյուղատնտեսությունը, առևտուրը և արհեստագործությունը։ Քաղաքի շրջակայքում փռված են ընդարձակ և բերրի հողատարածություններ, որոնք ոռոգվում են Օլթի գետով և նրա վտակներով։ Սակայն Օլթի գավառի կլիման բավական խոնավ է և գյուղատնտեսական որոշ կուլտուրաներ կարելի է մշակել ու բավարար բերք ստանալ նույնիսկ առանց արհեստական ոռոգման։ Օլթեցիների մոտ գյուղատնտեսության ճյուղերից հիմնականը հողագործությունն էր՝ հացահատիկային կուլտուրաների մշակությունը, որի հետ կապված զբաղվում էին նաև անասնապահությամբ։
 
Հին ժամանակներից Օլթին կապված էր Կարինի, Արդահանի և Սև ծովի առափնյա շրջանների հետ։ Սակայն հին և միջին դարերում այն չէր վերածվել առևտրի նշանակալի կենտրոնի, նրա առևտուրը ուներ գերազանցապես տեղական նշանակություն։ XIX դարի երկրորդ կեսին՝ Կարսի մարզը Ռուսաստանին միացնելուց հետո, Օլթիի առևտուրը բավական աշխուժանում է։ XX դարի առաջին քառորդում քաղաքը խճուղիներով և երկաթուղով կապվում է Կարսի, Բարդուսի, Սարիղամիշի հետ և այդ հանգամանքը խթանում է նրա առևտրի զարգացմանը։ Քաղաքն ուներ իր շուկան, բազմաթիվ կրպակներ ու խանութներ, քարավանատներ, մթերանոցներ։ Այստեղ առևտուր էին կատարում և՛ տեղական ապրանքներով՝ հիմնականում գյուղատնտեսական մթերքներով, և՛ այլ վայրերից ստացվող արտադրանքներով։ Քաղաքում գործում էին տասնյակներով արհեստներ`   դարբնություն, մանածագործություն ու ջուլհակություն, պղնձագործություն ու արծաթագործություն և այլն։
 
Օլթիի հիշատակության արժանի հուշարձաններն ու հնությունները մեծ թիվ չէին կազմում։ Դրանք սահմանափակվում էին հին բերդով, մի քանի եկեղեցիներով ու մզկիթներով, մի ավերված վանքով, քաղաքի շրջակայքի զանազան հնություններով և Օլթի գետի վրայի մեծ կամուրջով։
 
Օլթիի բերդն իր բնական ամրությամբ ու կառուցվածքով նման է Կարսի հռչակավոր բերդին։ Այն գտնվում է քաղաքի արևմտյան մասում, Ճորոխի ափին, դժվարամատույց լեռան վրա։ Կառուցվել է Բագրատունիների օրոք, X—XI դարերում։ Դրա մնացորդները՝ պաշտպանական պարսպի առանձին հատվածներ, բուրգերի ու մյուս կառուցվածքների ավերակներ, պահպանվել են մինչև մեր օրերը։ Այդ հին բերդում էր գտնվում հայկական Տիրամոր եկեղեցին, որ նախ վերածվել էր վանքի, իսկ հետագայում ուխտավայրի։
 
Քաղաքն ուներ հայկական երկու եկեղեցի՝ ս. Գևորգ և ս. Հովհաննես անուններով, կառուցված տարբեր ժամանակներում: Դրանցից մեկը գտնվում էր քաղաքի արևմտյան ծայրին, իսկ մյուսը՝ քաղաքից դուրս։ Ականատեսները վկայում են, որ եկեղեցիների վրա կային եղծված ու անհասկանալի վիմագրեր։ Եկեղեցիներից մեկում պահպանվում էր մի ձեռագիր ավետարան։ Օլթիի մզկիթները նույնպես թվով երկուսն էին, որոնցից մեկը նախկինում եղել է եկեղեցի և մզկիթի էր վերածվել հավանաբար XVII—XVIII դարերում։ Քաղաքի համար կարևոր նշանակություն ուներ Օլթի գետի վրա ձգված մեծ կամուրջը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում։ Օլթիի շրջակայքում նշմարվում են մի քանի ամրոցներ և խղճուկ բնակավայրերի մնացորդներ։
 
Օլթիի մյուս կառույցները ճարտարապետական ու պատմական առումով հատուկ հետաքրքրություն չեն ներկայացնում։ Նրա զորանոցները, վարչական շենքերը և մյուս կառույցները պարզունակ կերտվածքներ էին և, բացի իրենց մեծությունից, ոչնչով աչքի չէին ընկնում։ Քաղաքը չուներ իր հեռանկարային գործող հատակագիծը և նրա կառուցապատումը կատարվում էր գրեթե միանգամայն կամայականորեն։ Խղճուկ տպավորություն էին թողնում մանավանդ աղքատ քաղաքացիների տները, որոնք խառնիխուռն ցրված էին մեծ տարածության վրա։
 
Արևմտյան Հայաստանի նույն մեծությունն ունեցող տասնյակ քաղաքների (և նույնիսկ հարյուրավոր մեծ գյուղերի) համեմատությամբ աննախանձելի էր Օլթիի մշակութային կյանքը։ Այն փաստորեն սահմանափակվում էր հայկական տարրական մի դպրոցով, որը XIX դ. երկրորդ կեսին և ХХ-ի սկզբներին ունեցել է 40 — 50 տղա աշակերտ, և մի քանի խալֆայական վարժարաններով, որոնք գրաճանաչություն էին սովորեցնում մանուկներին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: