Հանրագիտարան

ՈՒրմիա

Ուրմիան հնում սովորաբար կոչվել է Որմիա, իսկ հետագայում Ուրմիա՝ լճի անունով։ Ժողովուրդը անվանել է Ուռմի։ Հիշատակվում է դեռևս ասորեստանյան սեպագիր արձանագրություններում։ Տարբեր հեղինակների մոտ մերթ համարված է ավան, մերթ՝ բերդ ու բերդաքաղաք, մերթ էլ քաղաք կամ գյուղաքաղաք։

Գտնվում է Ուրմիա լճի արևմտյան կողմում, նույն լիճը թափվող մի գետակի գետաբերանի մոտ, շրջակայքի նկատմամբ բարձրադիր վայրում, շրջապատված այգիներով ու պարտեզներով, բրնձի ընդարձակ ցանքերով։ Քաղաքը բավական տուժել է 1791 թվականին տեղի ունեցած երկրաշարժից։

Հնում մտնում էր Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի Թրաբի գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը, իսկ նոր ժամանակներում՝ Ուրմիայի խանության և գավառի կենտրոնը։
 
Ուրմիայի հայ բնակչությունը նոր ժամանակներում համեմատաբար սակավաթիվ էր, այստեղ XIX դ. սկզբին կար 1500 տուն բնակիչ, որի մեծագույն մասը կազմում էին ասորիները, պարսիկները և թաթարները։ Փոքրաթիվ էին նաև հրեաները։ 1906 թվականին այստեղ ապրում էին 60 տուն հայեր, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 70 տուն։ Ուրմիայի հայերը հիմնականում զբաղվում էին արհեստագործությամբ ու առևտրով։ Քաղաքն ուներ մի քանի շուկա ու քարավանատուն։ Այն Բաշկալեի (Աղբակ) վրայով կապված էր Վանի և դեպի հյուսիս ձգվող ճանապարհով՝ Դիլմանի ու Խոյի հետ։ Ուրմիան հայտնի էր մանավանդ իր գյուղատնտեսական մթերքներով՝ խաղողով, տանձով, բրնձով, որոնց զգալի մասն առաքվում էր զանազան կողմեր։ Ականատես հեղինակների վկայությամբ, այլ քաղաքների համեմատությամբ Ուրմիայի շուկայում գյուղատնտեսական մթերքները շատ առատ էին ու էժան։ Արհեստների հետ միասին Ուրմիայում XIX դարի վերջերից գործում էին թեթև և սննդի արդյունաբերության մի քանի մանր-մունր ձեռնարկություններ, որոնց մի մասը տնայնագործական բնույթի էր։
 
Ուրմիայի շրջակայքում կան զուտ հայաբնակ հետևյալ գյուղերը՝ Գյարդուբադ, Բաբարի, Նախշվան-թաթա, Իսալու։ Իսկ Ռահվա գյուղի XX դ. սկզբներին ունեցած 130 տնից 100-ը հայկական էր, 30-ը՝ ասորական։
 
Ուրմիան բավական լայն փռված քաղաք է, որի մեծ մասը զբաղեցնում են այգիները, բանջարանոցները և, նույնիսկ, հացահատիկային ցանքսերը։ Մինչև օրս պահպանվել է նրա հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։ Քաղաքի հայությունն ունի մի գեղեցիկ եկեղեցի, որը կառուցվել է 1889 — 1891 թվականներին։ Եկեղեցու բակում էլ գտնվում էր հայկական գիշերօթիկ դպրոցը, որը ոչ մեծ, բայց երկհարկանի գեղեցիկ շենք էր։ Քաղաքում գործում էին նաև ասորական կրթարաններ, ուներ ասորական 6 եկեղեցի։ Այստեղ հրատարակել են ասորական մի լրագիր՝ «Ջարիըդ-բարա» (=«Արևի ճառագայթ») անունով, որը տպագրվում էր քաղաքի բողոքականների տպարանում։ Ամերիկյան միսոներները Ուրմիայում բացել էին դպրոց, որը գործում էր XIX դ. վերջերին և ХХ-ի սկզբներին։
 
Ներկայումս Ուրմիան սովորական գավառական տիպի քաղաք է, համանուն շրջանի կենտրոնը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: