Հանրագիտարան

Գավառ

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Գեղարքունիքի մարզ
Հիմնադրված է`   728
Այլ անվանումներ`   Նոր Բայազետ, Կամո, Քյավառ
Տվյալ կարգավիճակում`   1850-ից
Մակերես`   7 կմ²
Բարձր. ծովի մակ-ից`   2000 մ
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   36 400 մարդ (2008)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   գավառցի (բարբ.՝ քյավառցի)
Հեռախոսային կոդ`   +374 (264)
Փոստային ինդեքսներ`   1201-1205

1995թ. վարչատարածքային նոր բաժանումից հետո ունի մարզկենտրոնի կարգավիճակ: Նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի մեջ´ դառնալով նրա կենտրոնը: Հնում ունեցել է Բայազեդ Նոր, Բայայեզեթ Նոր, Գավառ, Նոր Բայազետ, Նոր Պայազիտ, Քյավառ, Կամո անվանումները: Քաղաքի կարգավիճակ ունի 1850թ.-ից: 1959թ.-ին վերանվանվել է Կամո, իսկ 1991թ.-ին´ ստացել է Գավառ անվանումը: Նախկինում բնակավայրի Գավառ անվանումը տեղացիների կողմից աղավաղվելով դարձել է Քյավառ: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Նոր Բայազետը եղել է բավական աշխույժ առևտրի կենտրոն, այստեղ պարբերաբար կազմակերպվել են կիրակնօրյա շուկաներ, որտեղ վաճառվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաև իշխան ձուկ, որի որսի մենաշնորհը պատկանում էր բայազետցիներին: Նոր Բայազետում գործել են 10-ից ավելի արհեստներ: Գավառը տեղադրված է Սևանա լճի ափից 7-8 կմ հեռավորության վրա, Գավառագետի ընդարձակ հարթավայրում´ ծովի մակարդակից 1965 մ բարձրության վրա: Շրջակայքում Գավառագետն առաջացրել է ճահիճներ: Կլիման բարեխառն լեռնային է´ ցուրտ խստաշունչ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը -80-90, հուլիսին´ 170-180: Տարեկան թափվում են 450 մմ տեղումներ: Ունի հանքային բուժիչ աղբյուրներ: Շրջակայքում կան բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Քաղաքի շրջակայքում հայտնաբերված հնություններից պարզվել է, որ Գավառը բնակավայր է եղել շատ վաղ ժամանակներից: Այստեղ կան դեռևս ուրարտական շրջանի հնությունների մնացորդներ, որոնցից առավել հիշատակության է արժանի բերդը, որը պահպանվում է մինչ օրս: Միջին դարերում այստեղ գտնվել է Գավառի ավանը, որը եղել է Դվին մայրաքաղաքից դեպի Պարտավ տանող քարավանային ճանապարհի կայանատեղիներից: Շահ Աբասի արշավանքներից հետո բնակավայրն ամայացել է և կրկին վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթած բնակիչների կողմից և ստացել է Նոր Բայազետ անվանումը: Գավառը 1831 թ.-ին ունեցել է 1346, 1897 թ.-ին´ 8486, 1926 թ.-ին´ 8447, 1939թ.-ին´ 8277, 1959թ.-ին´ 8751, 1974թ.-ին´ 21382 բնակիչ´ գերազանցապես հայեր: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2001թ.-ին քաղաքի բնակչությունը կազմել է 26,3 հազար բնակիչ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք´ 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ´ 25%, աշխատունակներ´ 60%, հետաշխատունակներ´ 15%: Քաղաքն ունի մոտ մեկ տասնյակի հասնող հանրակրթական դպրոցներ, երաժշտական դպրոց, մշակույթի տներ, գավառագիտական թանգարան, Գավառի պետական համալսարան, մարզադպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց և պոլիկլինիկա: Կլիմայական բարենպաստ պայմանները, խմելու սառնորակ ջուրը և լճի մոտիկությունը Գավառի համար դարձել են նախադրյալներ´ քաղաքում առողջարանային տնտեսություն ստեղծման և զարգացման համար: Քաղաքն ունի զարգացած տնտեսություն, որի մասնագիտացման ուղղությունն արդյունաբերությունն է: Այստեղ զարգացած են էլեկտրատեխնիկական, սարքաշինական, սննդի և թեթև արդյունաբերության, հանքային ջրերի, մսի և մսամթերքի, պանրի, գորգագործական և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ճյուղերը: Ունի կաբելի գործարան: Բազմաճյուղ և ինտենսիվ զարգացած է գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը´ 3787հա և խոտհարքերը´ 2868հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 912 և 6438 հեկտար: Քաղաքի գյուղատնտեսության ճյուղերից են դաշտավարությունը, բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը և պտղաբուծությունը: Մշակում են կարտոֆիլ ու կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ ու թռչնաբուծությամբ: Գավառն ունի ձկնաբուծարան, որտեղ բուծում են իշխան, ապա մանր ձկնիկներին բաց թողնում Սևանա լիճ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը և փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային է համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը:

 

Ստուգաբանություն
Գավառ անվան առաջին վկայությունը մի հին խաչքար է´ հին գերեզմանատան ս. Ստեփանոս մատուռի վրա: Պատվանդանին պահպանված է հետևյալ փորագրությունը. «Ի թիվ ԲՃՂԱ ես ամիրա Վասակս որդի Վասիլ իշխանի շինեցի զեկեղեցիս և զգավառայ առուն հանեցի ձորերեն և սարերեն»: ԲՃՂԱ - Սմբատյանցի կողմից թվագրվում է 291թ. ավելացնելով հայկական տոմարի 551 թիվը, ստանում ենք խաչքարի պատրաստման ժամանակաշրջանը´ 842 թվական: Դատելով ստուգաբանությունից, Գավառնին նախաուրարտական տեղանուն է, ծագում է ցեղանունից: Ի վերջո Գավառնի պետք է հասկանալ (Գավ)´ գավառցիների բնակավայր: Շատերը, այդ թվում գիտության շատ գործիչներ, Գավառի «Քյավառ» արտահայտչաձևը համարում են թուրքական, սակայն դա կապ չունի թուրքի ու թուրքերենի հետ: Դա պարզ հնչյունափոխությամբ բարբառային արտահայտչաձև է: Քյավառ արտահայտչաձևում մենք տեսնում ենք բնակչության ազգագրական առանձնակի դիմանկարը, նրա եսական կոլորիտը, միայն տվյալ քաղաքի բնակիչներին հատուկ կողմերով, վարք ու բարքով, նիստ ու կացով: Քյավառը հոգեհարազատ տեղանուն է, որն իր մեջ պարունակում է պարզություն, ժպիտ, մտերմություն: Կարծում ենք ինչ անունով էլ Գավառը կոչեն´ Գավառ, Գավառնի թե Գավառանի, Քյավառ բարեհունչ ու կենսահաստատ անունը պահպանելու է:
 
Մշակույթ
19-րդ դարի 30-ական թվականներին Հայոց աշխարհի Գեղարքունյաց գավառում բնակություն հաստատեց հայ ժողովրդի մի ստվար հատված (շուրջ 2000 ընտանիք)։ Դա վերաբնակություն էր նույն Հայոց աշխարհի պատմական Դարույնք գավառից Արևելյան Հայաստան։ Հաստատվելով Սևանի ավազանի ազատ տարածքներում՝ վերաշինեցին նաե քաղաքը, հին հայրենիքի օրինակով՝ ապրելով հոծ զանգվածով։ Նրանք հավատարիմ մնացին հնամենի ավանդներին, պահպանեցին ու իրենց հետնորդներին փոխանցեցին հին հայրենիքի ծեսերն ու սովորությունները, տոներն ու խաղերը, վիպերգն ու հեքիաթները, երգն ու երաժշտությունը, անեծքն ու օրհնանքը։ Բնականաբար ադ բոլորը նրանք հարմարեցրին նոր բնաաշխարհագրական միջավայրին և պայմաններին։ Նոր բայազետցիների նյութական ու հոգևոր մշակույթը համահունչ է համազգայինին՝ ենթարկվելով հասարակական-տնտեսական զարգացմանը։ Պահպանվել է հատկապես բարբառը և քյավառցու ազգագրական կերպարն, որն այնքան հումորահարույց, հանրաճանաչ ու հարազատ է ողջ հայությանը։ Պահպանվել են որոշ փաստեր Հին Բայազետի ժողովրդական երգիչ-աշուղների վերաբերյալ։ Ուշագրավ է այն, որ մեր ազգային էպոսը կենցաղավարվել է նաև Հին Բայազետում ու ժողովրդի հիշողության ծալքերում ամուր արմատներ ձգած եկել հասել է 20-րդ դարի 70-ական թվականները։ Նոր Բայազետ քաղաքի և ամբողջ գավառի ազգագրության ու բանահյուսության հանդեպ հետաքրքրությունն սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու վերելքի հետ միասին։ Ազգային ծեսը, սովորությունը, վեպն ու հեքիաթը, տոնն ու խաղը արժեքավորվել են իբրև ազգային ինքնուրույն դրսևորումներ ու վկայություններ, ինքնահասւոատման ու ազգապահպանման կարևոր գործոններ։ Այդ նշանակությունը, դերն ու գործառույթը պահպանվում են նաև մեր անկայուն ժամանակներում։ Այդ իսկ առումով անհրաժեշտ է ոչ միայն հավաքել, գրի առնել ու տպագրել նյութական ու հոգևոր մշակույթի պահպանված արժեքները, այլև պրոպագանդել։ Քաղաքի բանահյուսությունից որոշ նմուշներ՝ հարսանեկան երգեր, առաջին անգամ հրատարակել է Տ. Նավասարդյանը «Հայ ժողովրդական ավանդություններ» առաջին գրքում (Երևան, 1883)։ Երգերը հավաքել և ուղարկել է նրան նորբայազետցի Ս. Բատիկյանը ի պատասխան հրատարակչի կոչի՝ փրկել հայրենի հոգևոր մշակույթի գանձերը։ Մարդու կյանքի երեք կարևոր հանգամանքները՝ ծնունդն, ամուսնությունն ու մահը, ուղեկցվել ու ուղեկցվում են բարդ արարողություններով, նշանավորվում հանդիսություններով։ Տակավին ոչ հեռավոր անցյալում (19-րդ դար) այդ արարողությունները կրում էին ծիսահմայական բնույթ և ունեին որոշակի նպատակադրում, մանկանն ու մորը պաշտապանել չար ուժերից, ապահովել մանկան բնականոն աճը, նորապսակներին նույնպես պաշտպանել չար ուժերից ու նպաստել ընտանիքի բարգավաճմանն ու բազմացմանը, գովաբանել հանգուցյալին, որպեսզի նա հովանավորի ողջերին, չվնասի ընտանիքին։ Նախքան ամուսնությունը, հարսանեկան արարողությունները տեղի են ունենում մի շարք այլ արարողություններ։ Անցյալում հարսնացուին ընտրում էր տղայի մայրը, մեծ մասամբ եկեղեցիներում, ուխտավայրերում, հարսանիքնե¬րում։ Այժմ աղջկատես կոչված սովորությունը գրեթե դուրս է մղվել։ Հարսնացու ընտրելիս աչքի առաջ էին ունենում նրա մոր արժանիքները։ Խնամախոս՝ աղջիկ ուզելու, գնում էին տղայի հայրը, հորեղբայրը կամ՛ քեռին, փեսան։ Դրական պատասխանը մեծ մասամբ նախապես համաձայնեցված էր լինում։ Խնամախոս գնացողները, գնալով հարսնացուի տուն, շեմին կանգնում էին ու ասում. «Եկա, հա, աջ ոտքս եմ գցում»։ «Բարով ես եկեր ես, Աստված խերլի անա»,- աղջկա ծնողների պատասխանը լսելով, մտնում էին ներս։ Համաձայնություն կայացնելով, աղջկա հորն էին հանձնում մի ոսկե մատանի, հյուրա¬սիրվում ու գնում։ Իսկ, եթե մերժում էին ստանում, ասվում էր. «Մեր աղջիկը փոքր է, քնում ա, չի զարթնում»։ Սեղան չէին բացում։ Նշանդրեքը լինում էր բազմամարդ, քավորի ու հաճախ աղջկա կողմի քահանայի ներկայությամբ։ «Շեն կենա» բացականչությունների ուղեկցությամբ ցուցադրվում էին հարսնացուի համար բերված ընծաները։ Հարսնացուի ծնողները նվերներ էին տալիս փեսացուի տղամարդ բարեկամներին։ Ապա ընթրում էին տղամարդիկ ու կանայք առանձին-առանձին, կլոր պար գյովնդ էին պարում բոլորը, առավոտվա դեմ ցրվում։ Հարսնատես, փեսախում, հարսհանեք կոչվող արարողությունները մեր օրերում գրեթե մոռացվել են։ Մինչև հարսանիքը տարվա որոշակի օրերին՝ Բարեկենդանին, Ծաղկազարդին, Լուսավորչին, Համբարձմանը, Աստվածածնին ու Սուրբխաչին փեսացուի տնից հարսնացուին բաժին՝ փայ են ուղարկում, նվերներ, գլխաշոր, կոշիկ, զարդ, թխվածք, քաղցրավենիք և այլն։ Նվիրատուն հարսնացուի տանը հյուրասիրվում էր։ Հատուկ նշանակություն էր տրվում Ծաղկազարդի փային, որը հարսնացուին էր հանձնվում եկեղեցում ապագա սկեսրոջ կողմից։ Այս սովորությունը ես մոռացության է մատնվել։ Այսօր հարսնացուն նվեր է ստանում ժամանակակից տոների ժամանակ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: