Հանրագիտարան

Տևրիկ

Փոքր Հայքի այս քաղաքը հին հռոմեական քարտեզներում նշանակված է Տևկիլա (Տևկիրայի փոխարեն) ձևով, արաբները կոչել են Աբրիգ, բյուզանդացիները՝ Տեֆրիկա, թուրքերը՝ Դիվրիգ։

Այն գրականության մեջ հայտնի է նաև անվան մի շարք ուրիշ տարբերակներով`   Տիվրիկ, Տևրիկա և այլն։ Ենթադրվում է, որ անունը կարող է առաջացած լինել հայերեն «տափարակ» կամ «տավրիկ» (փոքր Տավրոս) բառերից։ Երբեմն հիմնադրի՝ Կարբեասի անունով կոչվել է Կարբեասի քաղաք։

Հիշատակվում է իբրև ճանապարհային կայան, գյուղաքաղաք, բերդաքաղաք և քաղաք։ Գտնվում էր Զիմարայից Մալաթիա տանող ճանապարհին, պատմական Փոքր Հայքում, նրա և Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի սահմանագլխին, Եփրատի աջակողմյան վտակ Տևրիկ (Մելաս, Չալթ-սու) գետի ստորին հոսանքում, Սեբաստիայի և Կարինի միջև, Ակն քաղաքից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը փռված է հարթ ձորահովտում, որը շրջապատված է արևելքից արևմուտք ձգվող երկու շարք լեռներով։ Նրա բերդը գտնվում էր բարձրավանդակի վրա, մեր ժամանակների Ուրումիա քարավանատան տեղում։ Տևրիկի 10 — 12 կմ երկարություն ունեցող հովիտը ամբողջովին ծածկված էր այգեստաններով և պարտեզներով։ Ուներ ընտիր խաղող և գինի։ Շրջակայքում կան երկաթի (այդ թվում և մագնիսական երկաթի) հանքավայրեր։ Պարտեզներով ու այգիներով շրջապատված լինելու պատաճաոով կոչվել է նաև Կանաչ Տևրիկ։
 
Հնում մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայքի, իսկ Հուստինիանոս կայսեր վարչական վերափոխությունից հետո (VI դ)`   Երկրորդ Հայքի մեջ։ Նոր ժամանակներում Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տևրիկի գավառակի կենտրոնն է։
 
Հիմնադրվել է 855 թվականին՝ պավլիկյան շարժման հայտնի առաջնորդ Կարբեասի կողմից։ Հնում ունեցել է մոտ 1200 տուն, որի կեսից ավելին հայկական։ Պավլիկյանների հայտնի զորակայանն էր, այդ հուժկու շարժման հիմնական կենտրոնը, որտեղ զետեղված էին Բյուզանդական կայսրության և տեղական ֆեոդալների դեմ կռվող պավլիկյանների տասնյակ հազարների հասնող զինված ջոկատները։ Բյուզանդական Բարսեղ կայսրը 873 թ. գրավել և քարուքանդ է արել պավլիկյան շարժման այդ հզոր կենտրոնը։ XI դարի վերջերին Տևրիկին տիրել են սելջուկները, 1242թ.՝ թաթար-մոնղոլները, իսկ XVI դարի սկզբին՝ օսմանյան թուրքերը։
 
Տևրիկը XIX դ. սկզբին ուներ 2000 տուն, որից միայն 100-ն էր հայկական, նախկինում ունեցած 2000 տան (մոտ 20 հազարը բնակչությամբ) փոխարեն: XIX դ. վերջերին նրա բնակչությունը հասնում էր 10 հազար մարդու, իսկ 1915-ին՝ մեծ եղեռնից առաջ, 12 հազարի, որից 4000-ը հայեր։
 
Բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, այգեգործությամբ և երկրագործությամբ։ Ուներ 2 — 3 շուկա, տասնյակներով վաճառանոցներ ու արհեստանոցներ։
 
Տևրիկի հայ բնակչությունը նույնպես ենթարկվել է թուրքական ցեղասպանների արհավիրքներին։ Նրա մի մասը բնաջնջվել է, իսկ մյուս մասը տեղահանվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1955 թվականի տվյալներով այդտեղ բնակվում էր 5 հայ ընտանիք։ Իսկ 1951թ. նրա ամբողջ բնակչության քանակը հասնում էր ընդամենը 6000 մարդու։
 
Ինչպես ասվեց, քաղաքն ունեցել է իր միջնաբերդը, որ գտնվում էր սարավանդի վրա։ XX դարի սկզբներին դեռևս պահպանվում էին նրա մնացորդները՝ պաշտպանական պարսպի ու բուրգերի հետքերը, առանձին կառուցվածքների ավերակներ: Նոր ժամանակների տևրիկցիները հին քաղաքի միջնաբերդի այդ ավերակները կոչում էին Բերդաթաղ։
 
Տևրիկն ուներ հայկական 3 եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Երրորդություն և ս. Առաքյալ։ Դրանցից առաջինը կառուցվել էր 1259 թվականին, իսկ երկրորդը՝ 1268-ին։ Երկուսն էլ կենտրոնագմբեթի շենքեր էին և կառուցված էին այդ ժամանակների Մեծ Հայքի եկեղեցիների ոճով։ Նրա եկեղեցիներից մեկը պատկանում էր բողոքական հայերին։
 
Տևրիկում գործում էին հայկական երկու վարժարան, որոնցից մեկը, ավելի մեծը, կոչվում էր Ներսիսյան կամ Ազգային վարժարան և XIX դարի 70-ական թվականներին ուներ երկսեռ 500 աշակերտ ու 14 ուսուցիչ, իսկ մյուսն անհամեմատ փոքր էր և պատկանում էր բողոքական հայերին։ Այստեղից գաղթած հայերը Կ. Պոլսում հիմնել էին Ուսումնասիրաց ընկերություն, որն իր օգնությունն էր ցույց տալիս հայրենի քաղաքի վարժարաններին։
 
Մոտակայքում էր գտնվում Աբարա ամրոցը՝ պավլիկյանների հայտնի հենակետը մինչև Տևրիկի հիմնադրումը։ Քաղաքում հայտնաբերվել են խեթական արձանագրություններ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: